«Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգ հանուն պատերազմի մասնակիցների կրթության
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ նոյեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամին։
Համերգի ընթացքում հնչելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի հեղինակած երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և «Հայֆիլմ»-ից կինոդրվագների ուղեկցությամբ։
««Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը այս տարվա մեր ամփոփիչ և ամենասպասված միջոցառումն է, որը ևս մեկ հնարավորություն է քաջալերելու պատերազմի մասնակից մեր հայրենակիցներին և լավ առիթ ոչ միայն հանրության անմիջական մասնակցությամբ ապահովել մեր շահառուների 2022-2023թթ․-ի ուստարվա կրթավճարի մի մասը, այլ նաև ըմբոշխնել մաեստրոյի անզուգական երաժշտությունը մեր լավ գործընկեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Եվ մենք ուրախ ենք, որ Հայաստանում կան սոցիալապես պատասխանատու ընկերություններ՝ ի դեմս ԱրարատԲանկի, որոնց համար կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին», - ասել է «4090 Բարեգործական» հիմնադրամի Գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։
«4090 Բարեգործական» հիմնադրամի մասին
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող 60 ուսանող-շահառու։
Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։