Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող. գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 7-րդ նիստին:
Տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Կուրմանկուլ Զուլուշևը, Ղազախստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծառայության ղեկավար Դմիտրի Մալախովը և Տաջիկստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության ու կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրեն Սուլեյմոն Սուլթոնզոդան:
Գլխավոր դատախազ Վարդապետյանը օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններին, ոլորտում առկա մարտահրավերներին, ապօրինի հարստացման քննության առանձնահատկություններին, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործություններով իրավական փոխօգնության արդյունավետության բարձրացմանը:
Հաշվի առնելով կոռուպցիայի աշխարհագրական ընդլայնվածությունը և դրա դեմ անզիջում պայքարի կարևորությունը՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է կոռուպցիոն սխեմաները բացահայտելու և կոռուպցիայի նկատմամբ համակարգված պայքարել մղելու հարցում ներպետական և միջազգային հարթակներում գործող մարմինների ջանքերը մեկտեղելու անհրաժեշտությունը:
Հայաստանի գլխավոր դատախազն իր ելույթում անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրում և Հակակոռուպցիոն ռազմավարությունում կոռուպցիայի դեմ թիրախավորված և արմատական պայքար մղելու և կոռուպցիայից զերծ հանրություն ունենալու նպատակադրմանը՝ ընդգծելով, որ Հայաստանը կոռուպցիայի նկատմամբ անզիջում է և անհանդուրժող։ Այս համատեքստում Աննա Վարդապետյանը ներկայացրել է մի շարք ուղղություններով իրականացված ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը, հակակոռուպցիոն կրթությանն ու իրազեկմանը, ինչպես նաև ապօրինի հարստացումը բացահայտող իրավական մեխանիզմների ներդրմանը:
Կրկին ընդգծելով կոռուպցիայի՝ որպես մարդու իրավունքներին և ազատություններին անմիջականորեն վնասող, պետության տնտեսական հիմքը կազմաքանդող, երկրի կայունությանն ու անվտանգությանը սպառնացող երևույթի նկատմամբ անհանդուրժողական մոտեցումը՝ Աննա Վարդապետյանը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես կուտակած արդյունավետ փորձի փոխանակմամբ, այնպես էլ կոնկրետ վարույթներով սերտ գործակցությամբ: