Արցախի և Ադրբեջանի իշխանություններն անմիջական կապի մեջ են բազմաթիվ հարցերով. Սիմոնյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրում չպետք է հիշատակվի Արցախի հարցը: Արցախը պետք է ինքնուրույն բանակցի: Նման տեսակետ է հայտնել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
Մեկնաբանելով Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հայտարարությունները, թե ցանկալի կլիներ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրում Արցախի վերաբերյալ կետ ներառվեր, խոսնակը նշել է. «Չեմ կարծում, որ նման կետ պետք է ներառվի Հայաստանի և Ադրբեջանի միջև պայամանգրում, քանի որ դա կարող է նպաստել հայելային պահանջի առաջադրման։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել Ադրբեջանի նկատմամբ։ Տարածքների մասին հիշատակումները կարող են խնդիրներ ստեղծել և չեղարկել պայմանագրի հնարավոր ստորագրումը»։
Նա նշել է, որ Արցախը պետք է ինքնուրույն բանակցի և ներգրավվի իր ճակատագրի քննարկումներին, սակայն Հայաստանը դուրս չի մնա այդ գործընթացներից։ «Խոսք եղավ, ըստ որի Հայաստանն ամբողջությամբ դուրս է մղվել այս գործընթացներից։ Մենք համաձայն չենք եղել այս տարբերակին»,- ասաց Սիմոնյանը։ Սիմոնյանը նշել է, որ վերջին շրջանում եղել են դեպքեր, երբ Արցախի իշխանությունները «քննարկել են և, կարելի է ասել, ուղղակիորեն բանակցել Ադրբեջանի հետ»։
«Ադրբեջանի իշխանությունները շատ հարցերում անմիջական կապի մեջ են Արցախի հետ։ Լինում են դեպքեր, երբ Արցախի իշխանությունները մի շարք հարցերի ավելի տեղյակ են, քան մենք»,- ասաց նա։ Միաժամանակ Սիմոնյանը հորդորել է չմոռանալ, որ բանակցային գործընթացը դեռ շարունակվում է, չկա պատրաստի փաստաթուղթ, որն արտացոլի որոշակի ասպեկտներ։