26.11.2024
ՀՀ ՊՆ. Զորամասերում անցկացվել են հանկարծակի ստուգումներ
prev Նախորդ նորություն

Հայաստանը մտահոգված է Սիրիայում ռազմական իրավիճակի սրմամբ

Խորապես մտահոգված ենք վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ:

Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների և տուժածների ընտանիքներին և հարազատներին։

Հույս ենք հայտնում, որ սիրիական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերն առավել վճռական կլինեն ահաբեկչության դեմ միասնական պայքարում և հաստատուն՝ բանակցությունների միջոցով խաղաղության վերականգնմանը։

Հիշեցնենք, որ Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը» հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը: «Գանձասարի» տվյալներով Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ,Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր: