Հայաստանում այլևս չեն անցկացվելու պահեստազորի եռամսյա հավաքներ: Դրանք փոխարինվելու են 25-օրյա հավաքներով։ Այդ մասին կառավարության հոկտեմբերի 13-ի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
ՊՆ-ն առաջիկայում կառաջարկի նոր օրենսդրական կարգավորում, ըստ որի՝ գործող եռամսյա հավաքները կփոխարինվեն 25-օրյա հավաքներով, կառավարության նիստում ասել է Պապիկյանը։ Զինվորական ծառայության համար պարտադիր բոլոր քաղաքացիների համար կլինեն նոր հավաքներ՝ նրանց հնարավորություն կտրվի ընտրել դրանց մասնակցելու ժամկետներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եռամսյա հավաքները խնդրահարույց են, քանի որ խանգարում են մարդկանց աշխատանքին:
«Եռամսյա հավաքները խնդրահարույց է, խնդիրներ են առաջանում, մարդիկ աշխատում են ու որոշեցինք շեշտը դնել նրա վրա, որ հավաքների հրավիրենք մարդկանց, որ աշխատանք չունեն ու սա նաև ինչ-որ առումով սոցիալական նշանակություն ուներ, որովհետև հավաքի մասնակիցները նաև աշխատավարձ են ստանում։ Բայց հետո եկանք եզրակացության, որ դա այդքան էլ արդյունավետ չէ ու պետք է հավաքները դարձնել մեկամսյա ու բոլորի համար»,- ասել է Փաշինյանը:
Նշվեց նաև, որ կառավարության հաջորդ նիստում կարող է սահմանվել 25-օրյա հավաքների կարգը։
Միաժամանակ երեք վարժական հավաքներ
Հայաստանում շուրջ մեկ տարի է պարբերաբար պահեստազորայինների վարժական հավաքներ են անցկացվում՝ պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման նպատակով։
Նմանատիպ հավաքները մեկնարկեցին 2020 թվականի Արցախյան պատերազմից շուրջ մեկ տարի անց՝ 2021-ի օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ին՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, այնուհետև անցկացվեցին՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ, հետո էլ նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 19-ը՝ 202 քաղաքացու ներգրավմամբ, գրում է EVNreport-ը:
2022-ի առաջին հավաքն անցկացվեց հունվարի 15-ից ապրիլի 15-ը՝ ներգրավելով 65 պահեստազորայինների, երկրորդը՝ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 քաղաքացու մասնակցությամբ, երրորդը՝ ապրիլի 15-ից հունիսի 15-ին՝ 724 պահեստազորայինի ներգրավմամբ։
Այս տարվա չորրորդ հավաքը մեկնարկել է օգոստոսի 1-ից ու կանցկացվի մինչև հոկտեմբերի 30-ը՝ ներգրավելով 1444 քաղաքացու, հինգերորդը մեկնարկել է սեպտեմբերի 15-ից ու կտևի մինչև դեկտեմբերի 15-ը, որին մասնակցում է 318 քաղաքացի։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության խոսնակը ֆեյսբուքյան էջով հայտնեց, որ ՀՀ ՊՆ առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին, որին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով:
Կառավարության սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2022-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 22-ը: Ըստ որոշման՝ հավաքներին պետք է ներգրավվեն 3680 քաղաքացի։ Սա անցկացված հավաքներում ներգրավված քաղաքացիների ամենամեծ թիվն է։
Ստացվում է, որ այս ընթացքում միաժամանակ ընթանում են երեք վարժական հավաքներ, որոնց ընդհանուր թվով մասնակցում է 5442 քաղաքացի։