Իտալիայի Կատանիա քաղաքում հոկտեմբերի 3-7-ն ացկացվել է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 30-րդ համաժողովը, որին, ի թիվս 53 հրավիրված երկրների, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ:
ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Համաժողովի ընթացքում քննարկվել են կենդանիների տարբեր հիվանդությունների, մասնավորապես՝ բարձր ախտածին թռչնագրիպի նկատմամբ պատվաստումների, ինչպես նաև դրա դեմ պայքարի համակարգված միջոցառումների անցկացման հնարավորությունները, անասնաբուժական ոլորտի թվայնացման, կենդանիների տեղափոխման և բարեկեցության, «Մեկ առողջության» հետ կապված հիմնախնդիրները:
Ներկայացուցչական այդ միջոցառմանը հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանի «Մեկ առողջության» հայեցակարգի վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական պաստառ, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել մասնակիցների մոտ և դարձել բովանդակալից քննարկման առարկա:
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն առանձին հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Եվրահանձնաժողովի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/OIE) ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Մոնիք Էլուայի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Հայաստանում անասնաբուժության ոլորտի բացերի համապարփակ վերլուծության, իսկ ԿԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցիչ Բուդիմիր Պլավշիչի հետ՝ հատուկ վտանգավոր և անդրսահմանային հիվանդությունների դեմ պայքարի տարածաշրջանային, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի կրթական համակարգի զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Մեծ Բրիտանիայի պատվիրակությունը հնարավոր է համարել Հայաստանում անասնաբուժական լաբորատորիաների հնարավորությունների զարգացմանը և կարողությունների հզորացմանն աջակցելու ծրագրերը, որոնք, համապատասխան որոշումների կայացման դեպքում, կարող են կյանքի կոչվել:
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Էրան Ռայզմանի հետ քննարկվել են մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության դեմ պայքարի ծրագիրը և մոտ ապագայում Հայաստանն այդ հիվանդությունից ազատ ճանաչելու հնարավորությունը:
Ղազախստանի և Հայաստանի պատվիրակությունների առանձին հանդիպման ընթացքում բարձրացվել են անասնաբուժական ոլորտի խնդիրների և դրանց լուծման շուրջ արագ արձագանքման, նաև՝ երկու երկրների միջև առևտրային կապերի աշխուժացման ու զարգացման հեռանկարային հարցեր: