Արցախի նախագահը մեկնել է Երևան՝ մի շարք հարցերի պատասխաններ ստանալու
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ աշխատանքային պատվիրակությունը մեկնել է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և ՀՀ շուրջ ստեղծված իրավիճակը:
Նախագահի խոսնակը նշել է, որ այցի հիմնական նպատակն է քննարկելու 2022թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
«Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:
Նշենք, որ շաբաթ օրը Ստեփանակերտում անցկացվել է ինքնաբուխ հանրահավաք, որի մասնակիցները ինչ-որ պահի շրջափակել էին նախագահական նստավայրի մուտքն ու պահանջել, որպեսզի Արայիկ Հարությունյանն անձամբ իջնի ու իրենց ներկայացնի, թե ինչ է կատարվում Արցախի շուրջ: Նախագահը, սակայն, չէր իջել, նախօրեին ևս հանրահավաք էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, և այդ ժամանակ էլ մասնակիցները տեղեկացան, որ Արցախի նախագահը մեկնել է Երևան: