Արևմուտքը, սրտաճմլիկ հայտարարություն-կոչերից բացի, գործնական ոչինչ չի արել. Թովմասյան
Վերջին օրերին Հայաստանում կտրուկ ակտիվացել են հակառուսական և պրոամերիկյան հայտարարությունները։ Այդ սրացումը տեղի ունեցավ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից և վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին «կոշտ» քննադատություններից և կոչերից հետո: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ խորհրդի անդամ, հասարակական քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը:
"Թեման լայնորեն շրջանառում են արևմտյան կողմնորոշում ունեցող և այդ շրջանակներից սնվող կազմակերպությունները և անհատները, նաև իշխանության, այսպես կոչված, արևմտյան թևը, վերջինիս ամենահայտնի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ակտիվ և բաց տեքստով քարոզն էր:
Արևմուտքը, բացի սրտաճմլիկ հայտարարություններից և կոչերից այն կողմ, երբեք ոչ մի գործնական կամ առարկայական արդյունք մեզ համար չի արել (բացի 17 ռազմագերիների վերադարձից), դա էլ լավ փաթեթավորված կուտ էր: Իսկ այն մարդիկ ովքեր հույս են դնում այդ հայտարարությունների կամ ամպագոռգոռ կոչերի վրա, մեղմ ասած միամիտ են, կամ լավ չեն տիրապետում Հայոց պատմությանը:
Աշխարհ,աշխարհ, վայ փուչ աշխարհ։ Աշխարհը միայն խոսում է, նեղսրտում, ափսոսում,գազազում, վայրահաչում ու բոլորը սուտ",- գրել է նա։