Էրդողանի հետ հանդիպմանն ընդառաջ. Փաշինյանը փակ քննարկում կանցկացնի ՔՊ-ականների հետ
Քիչ անց Ազգային ժողովում՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական փակ հանդիպումը կանցկացնի ՔՊ-ական պատգամավորների հետ:
VERELQ-ի աղբյուրի հաղորդմամբ, քննարկման թեման մեկն է՝ վաղվա հանդիպումը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Պրահայում: Մեր աղբյուրը նշեց, որ, սովորաբարմ, նմանատիպ կարևոր հանդիպումներից առաջ և հետո Փաշինյանը միշտ հանդիպում է թիմակիցների հետ, օրինակ, երբ մեկնում է ՌԴ նախագահի հետ հանդիպման կամ վերադառնում Ալիևի հետ բանակցություններից: Սակայն, այդուհանդերձ, թիմում որոշակի անհանգստություն կա՝ Էրդողանի հետ սա առաջին հանդիպումն է:
Բացի այս, քննարկվելու է նաև Ալիևի հետ հանդիպումը, որը ևս տեղի կունենա Պրահայում վաղը:
Ըստ մեր աղբյուրի՝ երկու հանդիպումները բավականին բարդ ու ծանր օրակարգեր են նախատեսում, քանի որ սեղանին Ադրբեջանի պահանջներն են՝ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը: Իսկ այն, որ դա արդեն սեղանին է, անգամ ՔՊ-ականները չեն կասկածում: