ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ճապոնիայի հետ սերտ համագործակցությամբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի Թվայնացման, Թվային բարեփոխումների, Սպառողների եւ սննդամթերքի անվտանգության հարցերով, Վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ:
Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները եւ տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության եւ կիբեռանվտանգության ուղղություններով:
Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ:
Կարեւորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջեւ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ նորարարության, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: