24.11.2024
ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն վերահաստատել է Ադրբեջանի զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը

Միացյալ Նահանգները տարբեր մակարդակներով ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու գործընթացում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` վերահաստատելով սահմանից զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը։


Նա նշել է, որ կովկասյան բանակցությունների հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։ «Նա, իհարկե, նախորդ շաբաթ պետքարտուղարի հետ էր՝ Նյու Յորքում, մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի հետ մեր եռակողմ հանդիպմանը։ Վերջերս Հարավային Կովկասում էր, որտեղ անձամբ հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա ակտիվորեն ներգրավված է գործընթացում»,- հայտնել է Փրայսը։


Նա հիշեցրել է, որ գործընթացին ակտիվորեն ներգրավված է պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ով կապի մեջ է Հայասստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև արտգործնախարարների հետ։ Փրայսը հիշեցրել է նաև վերջերս Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպման մասին։


«Մենք տարբեր մակարդակներով, այդ թվում և մի քանի խողովակներով, ներգրավված ենք՝ վերահաստատելու լարվածությունը թուլացնելու և զորքերը հետ քաշելու անհրաժեշտությունը»,- ասել է Փրայսը։