22.11.2024
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել. ՊՆ
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր. ԱԽ քարտուղար

Վաշինգտոնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ԱՄՆ-ի միջնոդությամբ հանդիպել է նաև ադրբեջանական կողմի հետ: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում Գրիգորյանն անդրադարձել է հանդիպմանն ու այլ հացերին: Զրույցը կայացել է սեպտեմբերի 28-ի սահմանային վերջին բախումներից առաջ:


Սպիտակ տանը սեպտեմբերի 27-ի կայացել են բանակցություններ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև: «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպումը գնահատում է «արդյունավետ»:


«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն»,-ասել է Գրիգորյանը:


Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ևս անդրադարձել է հանդիպմանը՝ թվիթերյան գրառման միջոցով երախտագիտություն հայտնելով ամերիկյան կողմին հանդիպման համար: Իր գրառման մեջ Հաջիևը նշել է՝ «Մենք բարձր ենք գնահատում Ջեյք Սալիվանի ջանքերը Սպիտակ տանը Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպման համար՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության օրակարգը քննարկելու և առաջ մղելու համար»:


Արմեն Գրիգորյանը նշում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:


«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»:


Գրիգորյանը հիշեցնում է, որ բացի իրենց հանդիպումների ձևաչափից, հայ-ադրբեջանական բանակցություններ են ընթանում այլ ձևաչափերով ևս՝ արտգործնախարարների, փոխվարչապետերի ու ազգային անվտանգության ծառայության պետերի մակարդակով: Այս ամենի հետ մեկտեղ, ըստ Գրիգորյանի, առկա են նաև երկրի ղեկավարների հանդիպումները, որոնք կապված են այլ ձևաչափերում արձանագրված առաջընթացի հետ:


Նա մատնանշում է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ: Ըստ նրա՝ դրանք են հայկական բանակի պատասխան գործողություններն ու ամերիկյան կողմի ներգրավվածությունը:


«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավվումը, ով մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել է կանգնեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոններն են կարևոր դեր խաղացել՝ այսինքն հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասում է Գրիգորյանը:


Արմեն Գրիգորյանը շեշտում է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում հավելյալ անվտանգության երաշխիքներ: