Միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը բացարձակ անհրաժեշտություն է. Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի հարձակումը պետք է դատապարտվի և կանգնեցվի։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական զինուժի կողմից երեկ հերթական հարձակումից հետո.
«Ադրբեջանական նոր հարձակման հետևանքով այսօր Հայաստանի տարածքում երեք հայ զինվոր է զոհվել։ Սա հարձակում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ։ Ադրբեջանական ներխուժումը պետք է դատապարտվի և դադարեցվի։
Ադրբեջանական զորքերի դուրսբերումը և միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը ադրբեջանական օկուպացիայից տուժած հայկական տարածքներում և սահմանամերձ տարածքներում բացարձակ անհրաժեշտություն է»,– գրել է նա։
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայունացել է:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ: