24.11.2024
Մեկ օրում՝ երկրորդ անգամ. կառավարության նիստը նորից հետաձգվեց
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը հատկապես ինտենսիվ է կրակել երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին. ՄԻՊ

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում քաղաքացիական բնակչությունը և կենսական հանրային ենթակառուցվածքները, այդ թվում՝ ուսումնական հաստատությունները, գտնվել են ադրբեջանական ԶՈՒ չտարբերակված թիրախավորման ներքո՝ խախտելով քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ: Այս մասին ասված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարության մեջ:

Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական հարձակման հետևանքով խախտվել են երեխաների կյանքի, առողջության, անվտանգ և ապահով միջավայրում ապրելու, ընտանիքում և համայնքում ապրելու, անձնային զարգացման ու պաշտպանության և մի շարք իրավունքները: Հատուկ պետք է ընդգծել, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինտեխնիկայի կիրառումը առավել ինտենսիվ է եղել հատկապես երեխաների՝ դպրոց և մանկապարտեզ հաճախելու ժամերին: Ստեղծված իրավիճակում հատկապես տեղահանված համայնքների երեխաները զրկված են կրթության իրավունքի իրացման հնարավորություններից: Որոշ դեպքերում դպրոցները և մանկապարտեզները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության և թիրախավորման ներքո:

Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղակատվությունը վկայում է ուսումնական հաստատությունների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր զինատեսակների կիրառման մասին: Օրինակ՝ վնասվել է Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ուսումնական հաստատությունը:

Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան ուղղակիորեն սահմանում է, որ պատերազմական գործողություններից տուժած երեխաների խնամքի և պաշտպանության համար պետք է կիրառվեն հատուկ միջոցներ: Ընդ որում՝ Կոնվենցիան պահանջում է, որ անդամ պետությունները պարտավորվում են հարգել զինված հակամարտություններում երեխաների իրավունքներին վերաբերող միջազգային մարդասիրական իրավունքը:

Այս համատեքստում կարևոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ զինված հակամարտության կամ ռազմական իրավիճակում ռազմական գործողությունների չմասնակցող երեխաների իրավունքները երաշխավորվում են «Քաղաքացիական անձանց մասին» 1949 թ. Ժնևի կոնվենցիայով, 1977 թվականի հունիսի 8-ի թիվ 1 լրացուցիչ արձանագրությամբ: Երեխաների իրավունքների կոմիտեն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Գլխավոր ասամբլեայի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունված փաստաթղթերով կարևորվել է ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում երեխաների իրավունքների խախտման անթույլատրելի լինելը, այլ նաև այն հետևանքների կանխարգելման հրամայականը, որն անհրաժեշտ է երեխաների առօրյա կյանքի, նրանց մտավոր և ֆիզիկական զարգացման երաշխավորման համար: Այս կառույցների կողմից բազմիցս դատապարտվել է նաև ուսումնական հաստատությունների, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների վրա հարձակումն ու նրանց թիրախավորումը:

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխաները հատուկ պաշտպանության ներքո են:
Ըստ այդմ՝ Պաշտպանը հրավիրում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը՝ հստակ արձագանքելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի հարձակման հետևանքով Վայոց ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում գտնվող երեխաների իրավունքների կոպտագույն խախտումներին և գործնական քայլեր ձեռնարկել դրանց հրատապ վերացման ուղղությամբ: