Իրանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև վեճերը լուծելու համար
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի փոփոխության անթույլատրելիության մասին՝ հակամարտության երկու կողմերին կոչ անելով զսպվածության, խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի հիման վրա լուծել երկու երկրների միջեւ վեճերը:
"Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը", - ասված է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Նասեր Քանանիի հայտարարության մեջ, որում նաեւ նշվում է երկու երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:
Նա նաեւ հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել երկու հարեւան երկրների միջեւ վեճերի կարգավորման համար:
Առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը էական փոփոխությունների չի ենթարկվել: ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ադրբեջանական զինուժը շարունակում է գնդակոծել սահմանային ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները ՝ կիրառելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ականանետեր և խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի կապակցությամբ որոշում է ընդունվել պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի դրույթների իրականացման նպատակով, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: