ԱԺ նիստերին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները կզրկվեն մանդատներից. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զգուշացրել է խորհրդարանական ընդդիմությանը` խոհրդարանի աշնանային նստաշրջանին չներկայանալու դեպքում ընդդիմադիր պատգամավորները հնարավոր է զրկվեն իրենց մանդատներից։
«Մենք ևս մեկ անգամ իրենց հնարավորություն չենք տա, որ անհետևանք ամբողջ ժամանակահատված Ազգային ժողով չգալ։ Ես չեմ սպառնում, ուղիղ ասում եմ։ Շատ խիստ եմ տրամադրված։ Սա օրենքի պահանջն է», - այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
ԱԺ նախագահը վստահ է` ընդդիմադիրներին մանդատներից զրկելու գործընթաց սկսելու պարագայում միջազգային կառույցները կամ Հայաստանի քաղաքացիները չեն քննադատի իշխանությանը:
«Իրենք կարող են շատ բան ասել, բայց իրենք որեւէ կերպ չեն սպասարկում իրենց ընտրողների շահերը։ Ես վստահ եմ՝ եթե նորից ընտրություններ լինեն, իրենցից որեւէ մեկն այս դահլիճում չի հայտնվի։ Եթե իրենք բոյկոտում են ԱԺ-ն, ինչո՞ւ են խորհրդի նիստում մի քանի քննարկման հարց առաջարկել։ Հիմա իրենք բոյկոտո՞ւմ են, թե՞ ոչ»,- նշեց ԱԺ նախագահը։