23.11.2024
Քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների միջև համագործակցության հարցեր
prev Նախորդ նորություն

Զորակոչից տարկետում կտրվի պետության համար անհրաժեշտ մասնագիտություններով սովորողներին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծին:


Առաջարկվում է օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «27 տարին լրանալը» բառերից հետո լրացնել «իսկ սույն օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից՝ գիտության և կրթության բնագավառներում տարկետում ստացած քաղաքացիները մինչև 28 տարին լրանալը» բառերը, իսկ «համապատասխանաբար 27» բառից հետո լրացնել «28» թիվը:


«Գիտեք, որ մինչև 27 տարեկանն են զորակոչում: Երբ գործող կարգերի համաձայն շատ ուսանողներ ստանում էին սահմանված կարգով տարկետումներ, բակալավրիատ, այնուհետև մագիստրատուրա, գալիս-հասնում էին ասպիրանտուրա, ասպիրանտական կրթության երկրորդ-երրորդ տարիներին շատերը կանգնում էին խնդրի առջև, որովհետև օրենքի պահանջի համաձայն՝ մինչև 27 տարին կա՛մ պիտի ազատվես, կա՛մ զորակոչվես բանակ, բայց քանի որ դիսերտացիան դեռ պատրաստ չէր, նրանք չունեին բանակից ազատվելու հիմքերը, բայց հասկանալի է, որ ասպիրանտուրայի երկրորդ կամ երրորդ տարում տանել բանակ, դա էլ ստացվում է՝ կիսատ է մնում ասպիրանտական կրթությունը»,- ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:


Որոշման նախագծով ամրագրվում է, որ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորելու հանգամանքը տարկետման տեսանկյունից համարվելու է նպատակային ուսուցում, իսկ բուհերը և համապատասխան մասնագիտություններով սովորելու կարգը և պայմանները սահմանելու է Կառավարությունը:


Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները մինչև 27 տարին լրանալը: 27 տարին լրանալը զորակոչի ենթակա լինելու առավելագույն շեմ սահմանելը կրթության ոլորտում տարկետում ունեցող քաղաքացիների համար ստեղծում է մի շարք խոչընդոտներ, որը հնարավորություն չի տալիս տարկետում ունեցող քաղաքացիների ավարտել ուսումը: Նման տարիքային շեմ սահմանելու ժամանակ դպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում եղել է 10-ամյա, և քաղաքացիները 17 տարեկանում ավարտելով դպրոցը հնարավորություն են ունեցել մինչև 27 տարեկան լրանալը ավարտել բարձրագույն կրթություն ստանալը՝ կրթական բոլոր աստիճաններով: Սակայն 12-ամյա կրթության անցնելուց հետո քաղաքացիները համալսարան են ընդունվում 18 տարեկանում և հնարավորություն չեն ունենում ավարտել ասպիրանտական կրթությունը:


Նշվում է նաև, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաներում մրցանակակիր լինելու և տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:


«Նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 6 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորումներով դրա կիրառումը հանգեցնում է մի շարք անտրամաբանական հետևանքների, մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադաների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու: Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներ, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների:


Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով բանակ զորակոչիկներով ապահովումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- գրված է հիմնավորման մեջ: