Փաշինյանը չի խախտում ավանդույթները. ՌԴ-ում հնարավոր է կայանա Պուտինի հետ հանդիպում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Վլադիվոստոկում կմասնակցի Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նստաշրջանին: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի լրատվական ծառայությունից, որը ներկայացրել է Պուտինի այցի օրակարգը: Հայկական կողմը վարչապետի այցի մասին դեռևս պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել:
Ըստ Կրեմլի՝ Պուտինը մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ հանդիպումներ կունենա, թեև կոնկրետ ում հետ՝ չի մանրամասնվում:
Սպասվո՞ւմ է, արդյոք, Պուտին-Փաշինյան հանդիպում. այս պահին հստակ չէ: Կառավարության լրատվական բաժնից հարցին հստակ պատասխան չեղավ, միայն հնչեց ավանդական դարձած՝ հաղորդագրություն կտարածվի պատասխանը: Բայց ենթադրելի է, որ հանդիպում, այդուհանդերձ, կկայանա, քանի որ դա էլ արդեն ավանդույթ է:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսել մեկնելուց և Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո շտապում է ՌԴ նախագահի մոտ: VERELQ-ը հիշեցնում է, որ այդպես է եղել, օրինակ, ապրիլին, երբ ապրիլի 6-ի բրյուսելյան հանդիպումից օրեր անց Փաշինյանը պաշտոնական այցով մեկնեց ՌԴ:
Բրյուսելյան այս վերջին հանդիպումից հետո, որը կայացավ օգոստոսի 31-ին, Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հեռախոսազրույցը կայացել է հանդիպման նախօրեին՝ օգոստոսի 29-ին: Իսկ ահա երկու օր առաջ Ռուսաստանի առաջնորդը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ և քննարկման թեման եղել են զարգացումները Արցախի շուրջ: Դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը չներկայացնի այցի մանրամասները Պուտինին, գտնվելով վերջինիս հետ մի հարթակում, հաշվի առնելով Ռուսաստանի դերակատարությունը արցախյան գործընթացներոմ ու ռուս խաղաղապահների տեղակայված լինելն այնտեղ:
Եվս մեկ բան. Ադրբեջանի ապատեղեկատվական “գրոհը”, որ նկատվում է վերջին երկու օրերին, երբ թշնամի երկրի ՊՆ-ն օրական երկու-երեք հաղորդագրություն է տարածում, իբր, հայկական ԶՈՒ կրակ բացելու մասին, վկայում են, որ բրյուսելյան բանակցությունները, այդուհանդերձ, ինչ-որ հարցեր Բաքվի մոտ թողել են: Թե ինչի մասին է խոսքը հանրության լայն շրջանակները դժվար թե տեղեկանան, բայց Պուտինի հետ առանձնազրույցը այս ամենի ֆոնին թերևս դառնում է անհրաժեշտություն... եթե, իհարկե, Ռուսաստանի նախագահը այս անգամ չբավարարվի բրյուսելյան բանակցությունների մանրամասների քննարկումը Ռուսաստանի ԱԳ նախարարի մակարդակ տեղափոխելով՝ Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է ՌԴ և հանդիպելու է Սերգեյ Լավրովի հետ: Ի դեպ, եթե այդպես է, ապա սա էլ հարցեր է առաջ քաշում, թե ինչո՞ւ, ինչն արդեն լրիվ այլ պատմություն է...