ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրն աճել է 52,5 տոկոսով. Փաշինյան
2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն ապահովել է ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճ։
Այս մասին Չոլպոն-Ատա քաղաքում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների հետ փոխադարձ առևտուրը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,5 տոկոսով և կազմել 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտահանումն աճել է 48,9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 54,2 տոկոսով։
ՙՙՓոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերն ավելի բարձր են, քան հայկական արտադրանքի արտահանման աճի տեմպերը երրորդ երկրներ։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի, այդ թվում՝ նոր նախաձեռնությունների իրականացման շնորհիվ՚՚,- ասաց նա:
Նա նաև մեկ հարցի վրա ուշադրություն հրավիրեց.
ՙՙՎերջին ամիսներին Միության արտաքին առևտրի կառուցվածքի փոփոխությունների պատճառով մաքսատուրքերի բաշխման հարցում զգալի շեղումներ են եղել։ Ելնելով դրանից՝ անհրաժեշտ ենք համարում առաջիկայում վերադառնալ բաժնեմասերի բաշխման միասնական մեթոդաբանության հաստատման հարցի քննարկմանը՚՚,- նշեց Փաշինյանը։