26.11.2024
Իրանական ընկերությունները ներդրել են Ադրբեջանում 2,6 միլիարդ դոլար
prev Նախորդ նորություն

Արեւելագետ. Հայաստանն Իրանի տարածաշրջանային քաղաքականության կարեւոր ուղղություններից է

Հարավային Կովկասը Իրանի քաղաքականության շահերի դիտանկյունից համարվում է որպես երկրորդ կարևոր տարածաշրջան, Իրանի համար առաջնային է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ խոսելով տարածաշրջանում ընթացքող գործընթացների և Իրան-Հայաստան հարաբերությունների մասին:

«Հարավային Կովկասում Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն: Իսլամական Հանրապետությունը, դուրս գալով պատժամիջոցների տակից, որոշակի ուշադրություն է սևեռել Հարավային Կովկասի վրա՝ փորձելով իր քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ ծրագրավորել իր նշած սկզբունքի վրա: Այսինքն՝ հարաբերություններ զարգացնել բոլոր երկրների հետ՝ որոշակի տարբերություններով հանդերձ»,- ասաց նա, հայտնում է tert.am-ը:

Անդրադառնալով այն մտայնություններին, որ վերջերս Իրանը համագործակցության եզրեր է գտել Ադրբեջանի, Ռուսաստանի հետ և Հայաստանին դուրս կթողնի իրանական քաղաքականության ուղեծրից, իրանագետը համարեց, որ դրանք անհիմն են: Որպես ապացույց՝ նա մատնանշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հայտարարությունը Իրանի նախագահի այցի վերաբերյալ: Նա հիշեցրեց նաև Իրանի տրանսպորտի նախարարի հայտարարությունը, որն առնչվում էր Իրան-Հայաստան երկաթուղու ծրագրի իրականացման կարևորությանը:

«Հետևաբար իրանցիների համար թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ կարևորագույն գործընկեր, կարևորագույն պոտենցիալ ունեցող երկիր՝ կապված այն ծրագրերի հետ, որոնք առնչվում են դեպի Սև ծով տանող միջանցք կառուցելու գործընթացին»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Խոսելով Հայաստանի կողմից՝ հայ-իրականական հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի մասին՝ նա ասաց, որ որոշ բաներ արված են։ «Կարևորագույն գործողությունը վիզաների ռեժիմի չեղարկումն է, - ասաց նա,-այդպես Հայաստանի և Իրանի միջև հաստատվել են վստահելի հարաբերություններ, չափազանց բարձր հարաբերություններ»:

Վարդան Ոսկանյանը Իրանի կողմից իրականացվող կարեւորագույն ծրագրերից համարեց Հայաստանում պետական ընկերության ստեղծումը, որը պետք է ապահովեր Վրաստանին իրանական գազի վաճառքը: «Արդեն կա որոշակի գազի խմբաքանակ, որ վաճառվել է Հայաստանից Վրաստան, ինչը չափազանց կարևոր քայլ է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ կարևոր ծրագրերից է նաև Մեղրիի տարածաշրջանում ազատ տնտեսական գոտու հիմնումը: