24.11.2024
The Washington Post. ԱՄՆ-ն՝ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման հանցակից
prev Նախորդ նորություն

Ուորլիքը կրկին խոսում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին

Ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման ո՞ր սցենարն է ընդունելի Վաշինգտոնի համար:

Նրա խոսքով, Վաշինգտոնի համար ընդունելի է այն սցենարը, որն ընդունելի է ռուսական և ֆրանսիական կողմերի համար:

«Խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերը բավականին երկար ժամանակ են տևում և շատ ջանքեր են պահանջում: Հակամարտությունը արդեն շատ երկար է ձգվում, 20 տարվա ընթացքում բավականին շատ մարդ է զոհվել: Իսկ այն կարող է կարգավորվել: Մենք ունենք կարգավորելու պայմաններ, դրանք հայտնի են, մենք դրանք քննարկել ենք»,- ասել է Ուորլիքը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:

Նա նաև ընդգծել է, որ իդեալական կարգավորումը ենթադրում է, որ չպետք է լինեն հաղթողներ կամ պարտվածներ, այն պետք է ձեռնտու լինի երկու կողմերին:

«Բանակցությունները հաջողված չեն կարող լինել, եթե կողմերից մեկը ստիպված է գնալ զոհողությունների և փոխզիջումների: Բանակցությունները հաջողված են, երբ երկու կողմն էլ շահում է՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակիչները: Տարածաշրջանը պետք է ապրի խաղաղ և անվտանգ»,- շեշտել է նա:

Հարցին՝ ո՞րն է կարգավորման տարբերակը, Ուորլիքը նշել է.

«Կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա է կարգավորման պայմաններից մեկը, բաց ոչ միակը: Փախստականների վերադարձ պետք է լինի, միջազգային խաղաղարար ուժերի ներկայություն: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու նպատակով և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները»,- հավելել է ամերիկացի համանախագահը: