26.11.2024
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի նորանշանակ դեսպանը
prev Նախորդ նորություն

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցով աշխատանքային խումբ է ստեղծվում

Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկիի գլխավորած պատվիրակության հանդիպումը։


ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ներկայացուցիչներ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ, «Ռուսատոմ Էներջի պրոջեկտս» ԲԸ, «Ռուսատոմ- միջազգային ցանց», «Ռուսատոմ ենթակառուցվածքային որոշումներ» ԲԸ և «Տվել» ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի փոխքաղաքապետը և ներկայացուցիչներ Հայաստանի պրոֆիլային նախարարություններից և ընկերություններից։


Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են 2022 թ․ ապրիլի 19-ին ստորագրված էներգետիկական և ոչ էներգետիկական նախագծերի բնագավառում հայ-ռուսական համագործակցության Համապարփակ ծրագիրը։


Հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։


Փաստաթուղթը նախատեսում է հայ-ռուսական աշխատանքային խմբի ստեղծում ռազմավարական գործընկերության խորացման համար ինչպես ատոմային, այնպես էլ ոչ ատոմային էներգետիկայի ոլորտներում (Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, շահագործումից հանման և գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարում)։


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացած քննարկման արդյունքները և ձեռքբերված պայմանավորվածությունները ներկայացվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցած հանդիպման շրջանակներում: Փոխվարչապետը կարևորել է համագործակցությունը «Ռոսատոմ» պետական կորպորացիա հետ և հանդիպման մասնակիցների հետ քննարկել համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը: