Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը զեկուցել են ՄԺԾԾ նախագծի շուրջ քննարկումների ամփոփման մասին: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ում նախանշվում են Կառավարության ծրագրով արձանագրված թիրախներին հասնելու գերակայություններն ու միջոցառումները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, կրթության, առողջապահության և մյուս ոլորտներում: Այս համատեքստում ներկայացվել են ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակը, մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները, ՄԺԾԾ ծախսային չափաքանակների շրջանակ ում գերատեսչական հայտերը, ինչպես նաև 2022թ. լրացուցիչ կապիտալ ծախսային ծրագրերի առաջարկները:
Վերոնշյալ թեմաների շուրջ մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության թիրախների իրագործմանը, զարգացման ծրագրերին վերաբերող և այլ հարցեր:
Վարչապետը հանձնարարել է գերատեսչությունների ղեկավարներին հետևողական լինել, որպեսզի 2022թ. պետբյուջեով նախատեսված ընթացիկ և կապիտալ ծախսերը լիարժեքորեն իրականացվեն:
Առաջիկայում նախատեսվում է 2022թ. երկրորդ եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումը: