25.11.2024
Սիմոնյանն ու Գորդեևը ընդգծել են՝ մտադիր են զարկ տալ երկրների փոխգործակցության դինամիկային
prev Նախորդ նորություն

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկվել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:


ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը հանձնաժողովի` հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվել է հատուկ ընթացակարգով: Ներկայացնելով թեկնածուի կենսագրական, մասնագիտական եւ աշխատանքային գործունեության վերաբերյալ հակիրճ տեղեկատվությունը` Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Աննա Վարդապետյանը համալրել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի երիտասարդ դասախոսների կազմը` դառնալով առաջատարներից մեկը: Հանձնաժողովի նախագահի բնութագրմամբ` թեկնածուն մշտապես աչքի է ընկել չափազանց բարձր պատասխանատվության զգացումով, ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային, արժեքային դիրքորոշումներ` կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման եւ արդարադատության հեղինակության բարձրացման հետ:


«Աննա Վարդապետյանը գլխավոր դատախազի պաշտոնում հնարավորություն կունենա իրագործել դատախազական համակարգի կայացման, զարգացման եւ հետագա գործունեության բարելավմանն ուղղված կարեւոր բարեփոխումները»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:


Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա ներկայացրել է այն սկզբունքային փոփոխությունները, որոնք ակնկալում է տեսնել դատախազության համակարգում իր ծառայության ընթացքում եւ արդյունքում: «Ժողովրդավարությունն առանց օրենքի գերակայության ուղղակի գոյություն չունի: Կայացած դատախազական համակարգն օրենքի գերակայության ու, հետեւաբար, նաեւ ժողովրդավարության կայացման երաշխիքն է»,- ասել է Աննա Վարդապետյանը:


Անդրադառնալով Հայաստանում դատաիրավական համակարգում իրականացվող փոփոխություններին` թեկնածուն նշել է, որ այս գործընթացում լուրջ դերակատարություն ունի դատախազությունը: Նրա նպատակներից է` ներդնել իր գիտելիքներն օրենքի գերակայության ավելի բարձր նշաձողի սահմանմանը` նպաստելով Հայաստանում ժողովրդավարության կայացմանը:


Պատասխանելով հանձնաժողովականների հարցերին` Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ մասնակցում է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին, ուսումնասիրություններ է իրականացնում եւ առաջիկայում դատախազության բարեփոխումների վերաբերյալ կներկայացնի իր տեսլականը:


«Դատախազը պետք է դիտարկվի ոչ թե որպես մեղադրող, այլ` արդարադատություն վերականգնող, պահանջող: Սա պետք է լինի այն պատգամը, որով պետք է առաջնորդվեք»,- ելույթում նշել է Վլադիմիր Վարդանյանը:


Փաստաբանական պալատի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Քոչարյանի խոսքով` ցանկացած իրավական պետությունում գլխավոր դատախազի պաշտոնում նոր թեկնածուի նշանակումն իրավաքաղաքական լուրջ իրադարձություն է եւ կանխորոշում է իրավական կյանքի զարգացման օրինաչափություններն ու ուղենիշերը: «ԱԺ-ն ընտրելու է գլխավոր դատախազ բարդ քաղաքական իրավիճակում, մեր պետության ներքին անվտանգությանը նետված մարտահրավերների պայմաններում: Ըստ այդմ` գլխավոր դատախազի մասնագիտական գործունեությունից ակնկալիքները չափազանց շատ են, իսկ քրեական արդարադատության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը` անբնական ծանր: Դատախազության դերն ու նշանակությունն իրավապահ համակարգում բացառիկ է»,- նշել է Հովհաննես Քոչարյանը:


Եզրափակիչ ելույթում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել դրական գնահատականների համար, հավաստիացրել, որ աշխատելու է ուժերի գերլարումով: Միաձայն քվեարկությամբ հանձնաժողովը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Կարենի Վարդապետյանի թեկնածությունը: