Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:
«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութե րի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար: «2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թ. անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թ. պետբյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառ ված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-նշել է նախարարը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թ. սկզբում:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի է կատարվել 147 միլիարդ դրամով. այսօրվա դրությամբ առկա է 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրում: «Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտները, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, ընդհանուր առմամբ՝ ավելին կլինեն, այսինքն՝ էլի կավելանան, և մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում: Եվ մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն: Հիշում եք՝ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա խնդրում են այդ անհետաձգելի ծրագրերը բերեք»,-ասել է վարչապետը:
Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ կառավարության նիստում առիթ եղավ, ես հայտարարեցի, որ պատրաստվում ենք, մասնավորապես՝ Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռցքամարտի դպրոցը: Կարծում եմ, որ այս շրջանակում միանգամից նախագծերը պատվիրենք և նաև մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք: Այստեղ կարևոր նրբություն կա՝ նրանք հետագա կառավարմանը նույնպես պետք է շատ կոնկրետ մասնկացություն ունենան: Կարծում եմ՝ այս համատեքստում, բացի նոր ծրագրերից, պետք տեսնենք, թե ինչքանով կարող ենք արագացնել մեր դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարիների, ճանապարհների կառուցման տեմպերը»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է գումարները ճիշտ ծախսելու կարևորությունը: «Մեր բոլոր կապիտալ ծրագրերը գերակատարվում են: Ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասցնում: Ընդհակառակը՝ շինարարները մեր հետևից չեն հասնում, և դա խնդիր է: Շատ կաևոր է, մամուլում էլ հրապարակումներ են եղել այն մասին, որ ինչ-որ շինարարներ հարցազրույց են տվել կամ բողոքել, որ իրենց գումարները չեն տրվում: Չեն տրվում այն գումարները, որոնք որակով չեն իրականացվում: Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետություն ը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է նաև, որ պատշաճ կարգով ընդունված որևէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկ անգամ ևս կարևորելով կապալառու ընկերությունների ռեյտինգավորման համակարգի մշակումը: