VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն, ինչպես որ փորձում են ներկայացնել հասարակությանը: Մասնավորապես, տեղի աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ականների մի մասը լրիվ «խալաստոյ» վիճակում է, մի մասը՝ իրեն չեզոք է դրսեւորում: Հիմա ողջ, այսպես ասած, «գրուպա պադերժկան» իրականացնում են Արփի Դավոյանը եւ Վահագն Ալեքսանյանը, ովքեր իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Չար լեզուներն ասում են, որ վերջիններիցս զգուշանում է անգամ Անդրանիկ Քոչարյանը, որ հանկարծ էմոցիոնալ պահին մի էնպիսի բան չասի, որը հասնի շեֆին»:
«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության նախաձեռնությամբ եւ Ալեն Սիմոնյանի որոշմամբ` հունիսի 9-ին Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է շուրջ 14 օրենքի նախագիծ: Այդ շարքում է նաեւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: Տպավորություն է, որ այս հարցում իշխանությունը շտապում է` հույս ունենալով, որ այն կյանքի կոչելը մահակ է դառնալու որոշ ընդդիմադիրների գլխին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի սեպտեմբերի 16-ին հերթական ասուլիսն էր տալիս: Ասուլիսի ընթացքում անդրադառնալով պետությանը հասցված վնասի հետ կապված քրեական գործերին՝ նախ՝ նշեց, որ այդ վնասի վերականգնման դինամիկան իրեն չի գոհացնում, ապա հավելեց. «Հանրությունն ասում է՝ բա թալանածը ինչի՞ չեք հետ բերում: Ճիշտ է ասում: Չէ, հետ բերում ենք, բայց ինչի՞ բավարար տեմպերով հետ չենք բերում: Որովհետեւ էդ կոռուպցիոն համակարգը որ ստեղծվել է, հո նենց չի՞ ստեղծվել. ինքը իր համար լիքը օրենքներ ու սահմանափակումներ է, չէ՞, դրել, որ դուք՝ որպես լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենալ եւ ամբողջական պատկեր տեսնել: Բա որ ասում էին՝ բա Սաշիկի փողերը ո՞ւր են, որի մասին ասում էինք: Չնայած էս վերջերս իրադարձություններ են ի հայտ գալիս, ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն էդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է: Կոռումպացված փողերը մինչեւ վերջին կոպեկը հետ են բերվելու Հայաստանի պետական բյուջե»:
Այժմ հիշենք, թե Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2019-ն ինչպես էր արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մասին: Ընդդիմադիր պատգամավորը 2018-ի հոկտեմբերի 8-ին ԱԺ ամբիոնից հայտարարում էր, թե տնտեսությունը կախված է ոչ թե կառավարության, Կենտրոնական բանկի կամ որեւէ այլ գերատեսչության որոշումից, այլ նրանից, թե ինչքան գումար կուղարկվի արտերկրից: «Գնեք շաքարավազ, թե բանան, նույն գրպանն է գնում: Այդ մարդիկ (խոշոր գործարարները) շատ մերձավոր կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ: Քանի դեռ Հայաստանում այսպիսի իշխանություն է, որի համար ամեն կոպեկի վրա կոնտրոլ ունենալը կարեւոր է, ազատ գործարարությունը Հայաստան չի գա: Իսկ Հայաստանում ամենահայտնի տնտեսական գործակիցը Սաշիկ Սարգսյանի գործակիցն է՝ իրենից բխող 50-տոկոսանոց հետեւանքներով»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով Հայաստանում տարածված այն զրույցները, որ Սերժ Սարգսյանի եղբայրը «տանիք է կանգնում» մի շարք գործարարներին՝ փոխարենը պահանջելով նրանց բիզնեսի 50 տոկոսը։ Օրվա քաղաքական իշխանության ղեկավարը, փաստորեն, տարիներ անց կտրուկ փոխել է տեսակետը Ալեքսանդր Սարգսյանի մասին ու խոստովանել, որ տարիներ ի վեր հնարավոր բոլոր հարթակներից Սարգսյանի մասին ոչ ճիշտ, մանիպուլյատիվ հայտարարություններ է արել, ու որ նա ամենաանմեղ դեմքն է»:
«Իրավունք» թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը, թեպետ չկայացավ, բայց մի դրական արդյունք ունեցավ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանին վերադարձվեց իր սեղանի Արցախի դրոշը, որը նիստերից մեկի ժամանակ «թռցրել էր» ԱԺ ՔՊ- ական պատգամավոր Լուսինե Բադալյանը: «Իրավունքի» աչքից չվրիպեց այն, որ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիսավոր կերպով դրոշը հետ վերադարձրեց Ա. Գեւորգյանին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար անձանց: Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործերի շրջանակում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանն արդեն մոտ 20 անգամ հրավիրվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության, իսկ Օնիկ Գասպարյանը մոտ 10 անգամ է հրավիրվել հարցաքննության: Առաջիկայում ուշագրավ բացահայտումներ ու կալանավորումներ են սպասվում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետեւանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈՒ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։ Հանգստյան օրերին Պապիկյանը ՔՊ ակտիվի հետ այցելել է Տավուշի մարզի Իջեւան համայնք եւ մասնակցել տեղի տարածքային կազմակերպության նիստին, որի ժամանակ ընտրվել է ՔՊ տարածքային կազմակերպության խորհուրդ։ Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի օրինակով, վարչությունից բացի, նոր մարմին է ձեւավորում՝ կուսակցական խորհուրդ։ Մինչեւ սեպտեմբերի համագումարը այդ մարմինը պետք է ձեւավորվի, իսկ դրանից առաջ պետք է նախ տարածքային խորհուրդներ ձեւավորվեն։ Հիշեցնենք, որ Պապիկյանը Փառուխի դեպքերի ժամանակ էլ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որոշ տեղեկություններով, ցանկացել է, որ կարճվի իր նկատմամբ հարուցված քրեական գործը, բայց մերժվել է։ Դրանից հետո նա փորձում է դրան հասնել այլ մեթոդներով։ Դեռեւս 2021 թվականի փետրվարին ԱՀ գլխավոր դատախազությունը հաղորդել էր․ «Անվտանգության խորհրդից ստացված հաղորդման հիման վրա 08․02․2021թ․ ԱՀ դատախազության կողմից հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով՝ 2020թ․ հոկտեմբեր ամսում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետությանը 100 մլն դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ»։ Ըստ տեղեկությունների՝ Սամվել Բաբայանը պատերազմի օրերին իր ղեկավարած ԱԽ գրասենյակի հաշվեկշռում առկա 100 մլն դրամը երեք հոգու է փոխանցել, ապա նրա հրաժարականից հետո իրավապահները սկսել են քննել սույն գործը, որը, ըստ ամենայնի, արդեն վճռական հանգրվանին են հասել։ Այս գործն է, որ Բաբայանն ու իր կուսակիցները փորձում են փակել տալ։ Նրա թիմակիցներից ոմանք անգամ դիմել են դատարան՝ վերականգնվելու իրենց պաշտոններում։ Նրանց ազատել էր Բաբայանին փոխարինած Վիտալի Բալասանյանը։ Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին Անվտանգության խորհրդի աշխատակիցներին տեղեկացրել են, որ նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարվում է աշխատանքային հարաբերություններ ունենալ Սամվել Բաբայանի օրոք ձեւավորված աշխատակազմի հետ։ Անվտանգության խորհրդի գրասենյակից ազատված 50 աշխատակիցներից 29-ը դիմել է դատարան, որպեսզի դատական կարգով վերականգնվեն իրենց պաշտոններում եւ փորձեն ներսից սաբոտաժ անել Վիտալի Բալասանյանի գրասենյակի աշխատանքը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան ընդդիմության ակցիաներին պարբերաբար իրենց աջակցությունն ու սատարումն են հայտնում Սփյուռքի տարբեր գործիչներ, ինչպես նաև հայաշատ քաղաքների հայ համայնքները։ Ավելին, այս օրերին միմյանց հաջորդելով հայաշատ մի շարք քաղաքներում պարբերաբար տեղի են ունենում հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց աջակցությունն են հայտնում «Ֆրանսիայի հրապարակին»՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները հատուկ հանձնարարական են ուղարկել հայկական մեծ համայնք ունեցող երկրներում Հայաստանի դեսպանատներին և հյուպատոսարաններին, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչություններին, որպեսզի հնարավոր բոլոր տարբերակներով ու միջոցներով կասեցնեն հակաիշխանական ակցիաների անցկացումը և հատկապես հակափաշինյանական կոչերի հնչեցումը։ ԱԳՆ մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ փորձ է արվել բողոքի ալիքը կասեցնելու գործընթացում ներառել հայկական սփյուռքի ազդեցիկ դեմքերին, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում։ Մեր տեղեկություններով, դեսպանատներից զեկուցել են, որ դժգոհությունը բավական մեծ է, իսկ բողոքի ալիքները՝ հուժկու, ուստի գործնականում ոչ մի արհեստական միջոցով հնարավոր չէ դրանք կանխել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հունիսի 10-ին Երևանում պետք է կայանա ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների նիստը։ Այս տարի Հայաստանը ռոտացիոն սկզբունքով նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Նշյալ նիստի հետ կապված՝ նախատեսվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան։ Սակայն ամեն բան այդքան էլ հարթ չէ։ Մասնավորաբար, «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական կողմը դիմել է Հայաստանին՝ առաջարկելով նիստն անցկացնել ՀԱՊԿ որևէ այլ երկրում՝ հաշվի առնելով Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը։ Թե ինչ են պայմանավորվել, ինչ պատասխան է տրվել Հայաստանից, ճշտել չհաջողվեց»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Երեւանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարեց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նիստի շրջանակում հանդիպումներ եղան նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։ Նիստին մասնակցում էին 120-ից ավելի անդամներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված նիստից հետո ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության անդամների համար ոչ պաշտոնապես ընթրիք էր կազմակերպված «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Հիշեցնենք, որ այդ համալիրը պատկանում է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին կամ, այլ կերպ ասած, «նախկիններին»։ Եվ այստեղ ուշագրավ է, որ հունիսի 4-ին այդ նույն ռեստորանում անցկացվել է ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանի թոռնուհու հարսանեկան արարողությունը, որի հարսանիքի քավորը նույն Կարեն Կարապետյանի որդին էր։ Ստացվում է՝ մեկ օր այնտեղ ընդդիմությունն է, մյուս օրը՝ իշխանությունը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում։ Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրեւ թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, եւ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա։ Հիմա էլ դատավորների աշխատավարձն են ավելացնում՝ կառավարությունն առաջարկում է վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով: Փաշինյանը թերեւս փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը դատական համակարգում՝ փողով փակելով անհնազանդ դատավորների բերանները։ Նախագիծը երկու օրից կընդունվի ԱԺ արտահերթ նիստում։ Սրանով պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն դատական համակարգին։ Ինչպեսեւ սպասվում էր, իշխանությունը մինչեւ նստաշրջանի փակումը՝ հունիսի կեսերը, արտահերթ նիստեր կգումարի եւ կյանքի կկոչի աղմկահարույց նախագծեր։ Հունիսի 9-ի արտահերթի օրակարգում է նաեւ համայնքների հերթական խոշորացման նախագիծը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կառավարության կողմից սուբսիդավորվող սելիտրայի գնի շուրջ դժգոհություններն ավելանում են: Եթե մինչ այս «Ժողովուրդ» օրաթերթը սելիտրայի գնի փոփոխության հետ կապված դժգոհություններ ստանում էր Արմավիրի, Արարատի մարզերից, ապա հիմա նրանց են միացել Գեղարքունիքի բնակիչները: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել Կարմիրգյուղ համայնքի բնակիչները, որոնց պատմելով՝ իրենք մեկ պարկ սելիտրայի համար նախապես վճարել են 12000 դրամ, սակայն օրեր անց իրենցից պահանջել են ավելացնել եւս 2000 դրամ: Ստացվում է, որ մեկ պարկ սելիտրայի համար, 12000 դրամ վճարելու փոխարեն, նրանք վճարել են 14000 դրամ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Արայիկ Հոդաբաշյանի հետ. «Մեկ պարկ ռուսական սելիտրայի դիմաց գյուղի բնակիչները վճարել են 12000 դրամ, բայց հետո չեղարկվել է, ու սելիտրան Ռուսաստանից չի եկել Հայաստան»: Գյուղապետի խոսքով՝ ռուսական սելիտրայի՝ հայկական սահմանով չանցնելու պատճառը Վերին Լարսի ճանապարհի փակ լինելն է եղել: «Քանի որ գումարները հավաքվել էր, կառավարությունը որոշեց սելիտրան փոխարինել իրանական արտադրության կարբանիտով: Սելիտրայի մեջ պարունակող ազդող նյութը 34 տոկոս է, իսկ կարբանիտի մեջ՝ 46 տոկոս, բնականաբար, գումարն էլ ավելացել է: Նորից վերաբաշխում արեցինք, մարդիկ յուրաքանչյուր պարկի դիմաց 2000 դրամ ավելացրին… Կարբանիտն էլ ստացել ենք, բաշխել մարդկանց, եւ չկա մարդ որ չի ստացել»,- տեղեկացրեց գյուղապետը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում տավարի ու գառան մսի գինը բարձրացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տավարի մսի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.1 տոկոսով, իսկ գառան միսը թանկացել է 1.3 տոկոսով: Հայաստանի վիճակագրական կոմիտեն խոզի մսի շուկայում եւս այս տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրել է 10.8 տոկոս գնաճ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ալյուրը 13.5 տոկոսով, բրնձը՝ 15.8, իսկ լոբին՝ 5.1 տոկոսով: Ձուն է էժանացել. մեկ ամսվա ընթացքում ձվի գինը նվազել է 18.1 տոկոսով: Շաքարավազի շուկայում եթե այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, արձանագրվել է 8.6 տոկոս գնաճ, ապա ապրիլի համեմատ՝ այն էժանացել է 3 տոկոսով: Բացի այս, թանկացել է նաեւ հացը 0.2 տոկոսով, կաթնաշոռը՝ 1 տոկոսով: Ի դեպ, պանրի շուկայում եւս գնաճ է արձանագրվել 1.4 տոկոսով, մակարոնեղենն էլ թանկացել է 0.6 տոկոսով: Բանջարեղենի շուկայում այս մայիսին, նախորդ տարվա համեմատ, արձանագրվել է 51.3 տոկոս գնաճ, իսկ միրգը թանկացել է 0.4 տոկոսով»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում գոյություն ունի Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիա, որի սաները՝ 11 մարզիկ, մի քանի օր առաջ մեկնել էին Մեքսիկա՝ մասնակցելու բռնցքամարտի միջազգային մրցաշարի, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-մենամարտեր են անցկացվել։ Այնտեղ մեր մարզիկները գրանցել են լուրջ հաջողություններ ու հաղթանակած վերադարձել Հայաստան։ Սակայն Երեւան վերադարձի ճանապարհին նրանք բախվել են ՔՊ-ական պատգամավորներից մեկի նենգությանն ու հայտնվել ոստիկանության բաժանմունքում։ Ահա թե ինչ է տեղի ունեցել Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավի մեջ, որով Հայաստան են վերադառնալիս եղել հայ մարզիկները։ Օդանավում է եղել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկը, ով մայիսի 26-31-ը գործուղման էր՝ մեկնել էր Վիլնյուս՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Մարզիկները թեեւ հոգնած են եղել, բայց քանի որ հաղթանակած են վերադառնալիս եղել հայրենիք, բարձր տրամադրություն են ունեցել ու, հավանաբար, օդանավի մեջ մի փոքր ակտիվ եւ աշխույժ են պահել՝ բարձրաձայն զրուցել, ուրախացել իրենց հաջողությամբ։ Դա դուր չի եղել ՔՊ-ական պատգամավորին, ով ինքնաթիռում լռել է, սակայն «Զվարթնոց» օդանավակայան հասնելուն պես, դեռ օդանավից չիջած՝ զանգահարել է ոստիկանություն, «փուռը տվել» հայ մարզիկներին։ Մասնավորապես, դժգոհել է նրանց պահվածքից ու ձեռքի հետ էլ, որպեսզի արդարացնի իր զանգը ոստիկանություն, կասկած է հայտնել, թե «հնարավոր է նրանք գողություն կատարած լինեն օդանավում»։ Եվ մարզիկները, որոնց օդանավակայանի սպասասրահում մեծ թվով երկրպագուներ, ընկերներ ու հարազատներ են սպասելիս եղել, սպասասրահ դուրս գալու փոխարեն՝ օդանավից դուրս գալով, բերման են ենթարկվել։ Ոստիկանության «Զվարթնոցի» բաժնի աշխատակիցները նրանց թույլ չեն տվել դուրս գալ սպասասրահ՝ մոտեցել են հայ մարզիկներին ու նրանցից երեքին, Քոչարյան Անդոյի «դանոսով», տարել են ոստիկանություն։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին միջադեպի վերաբերյալ մեր տեղեկությունը՝ նշելով․ «Հունիսի 1-ին միջադեպ է եղել օդանավում, եւ քաղաքացու ահազանգի հիման վրա ոստիկանության «Զվարթնոցի» բաժին է բերման ենթարկվել երեք անձ։ Նրանք բացատրություն են տվել ու բաց են թողնվել»։ Այլ մանրամասներ, մասնավորապես, թե ով է եղել տվյալ քաղաքացին, ինչ ահազանգ է տվել, եւ եթե ահազանգը կեղծ է եղել, ինչու նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունից չհայտնեցին։ Մենք խոսեցինք Համահայկական բռնցքամարտի եւ պրոֆեսիոնալ մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը, որ իրենց մարզիկներից երեքին հունիսի 1-ին Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթի օդանավից միանգամից բերման են ենթարկել ոստիկանություն, ապա բաց թողել։ Իսկ թե որն է եղել պատճառը, չգիտեր, ասաց՝ իրենց համար էլ մինչ այս պահն անհասկանալի է մնում, թե ինչ էին արել մարզիկները, որ նրանց տարել են ոստիկանություն։
«Մենք մինչեւ էսօր տեղեկացված չենք, թե պատճառը որն է եղել, ով է զանգել ու ինչ առիթով։ Ուղղակի օդանավից անմիջապես իջնելուց հետո իրենք հրավիրեցին, հարցրին՝ եղե՞լ է, արդյոք, միջադեպ, ու պատասխանը բացասական ստանալուց հետո բաց թողեցին»,- ասաց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը։ Փորձեցինք նորից ճշտել՝ օդանավում որեւէ մեկի հետ որեւէ միջադեպ, առհասարակ, չի՞ եղել, Հարությունյանը կրկնեց․ «Մենք, առհասարակ, բացի Հայաստանի դրոշը բարձրացնելուց, երկիր ներկայացնելուց ուրիշ որեւիցե բանով չենք զբաղվում»։ Իսկ իրենք որեւէ պատգամավորի նկատե՞լ են օդանավում, Հարությունյանը նախ ասաց, որ ինքը չգիտի՝ արդյոք պատգամավորներն էկոնոմ դասո՞վ են թռչում, թե՞ ոչ, քանի որ, իր խոսքերով, «հիմիկվա պատգամավորներն ինչով ասես՝ կարող է գնան-գան»։ Հետո ավելացրեց, որ դժվար թե իրենց մարզիկներից որեւէ մեկը ճանաչեր որեւէ պատգամավորի։ «Ես անձամբ չեմ ճանաչում, ինչքան էլ Ձեզ համար հայտնի լինի»,-ասաց նա։
Ֆեդերացիայի նախագահը նաեւ ասաց այն մարզիկների անունները, որոնց տարել են ոստիկանները՝ Ռուբեն եւ Ռուդոլֆ Գարբոյան եղբայրներ եւ Տիգրան Մելքոնյան։ Երեքն էլ՝ 19 տարեկան ու երեքն էլ բոլոր մենամարտերը ժամանակից շուտ են ավարտել, բնականաբար՝ հաղթանակով։ Ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ իրենց համար տարակուսելի է նաեւ այն, թե ինչու են հենց այդ երեքին ընտրել ոստիկանները, իր կարծիքով՝ հավանաբար, ոստիկաններին ահազանգած անձը նրանց է մատնացույց արել։ «Տրամադրությունները, բնականաբար, լավ է եղել, բայց արտաքնապես շատ հոգնած ու տանջված են եղել։ Ես անձամբ եմ նրանց հարցրել՝ ի՞նչն է եղել խնդիրը, իրենք ասել են՝ մենք անտեղյակ ենք, ընդհանրապես՝ անակնկալի ենք եկել, թե ինչի մասին է խոսքը։ Բացարձակապես որեւիցե մեկը որեւիցե բանից տեղյակ չի եղել ու մինչեւ էսօր չի կարողանում հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։ Մենակ կանգնեցրել են, ասել են՝ եկեք, ձեր մասին ինչ-որ վատ բան են ասել, հետո էլ ոչ մի պարզաբանում չեն տվել»,-ասաց Գառնիկ Հարությունյանը։ Փաստորեն, ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորը, որը պարբերաբար հայտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում հատկապես լրագրողների հետ «մենամարտերի» եւ տարատեսակ այլ բացասական դրսեւորումների պատճառով, այս անգամ էլ որոշել է «ուժերը փորձել» իր երեխաներից փոքր տարիքի բռնցքամարտիկների հետ՝ նրանց ոստիկանության ձեռքը տալով։ Ըստ էության, սա սուտ մատնություն է, քանզի ակնհայտ է, որ տղաները որեւէ հակաօրինական քայլ չեն արել, եւ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը կեղծ է եղել, կասկածն էլ՝ միտում ունեցող։ Եթե նրա փոխարեն մի որեւէ ընդդիմադիր պատգամավոր այդպիսի բան աներ, նրան հիմա վաղուց ձերբակալել ու կալանավորել էին սուտ մատնության հոդվածով։ Բայց ՔՊ-ականին, առավել եւս՝ Քոչարյան Անդոյին, ամեն ինչ կարելի ու ներելի է":