Ազգային-ազատագրական պայքարով իշխանազրկել Փաշինյանին. «Ազգային օրակարգ»
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ սահմանված կարմիր գծերի վերաբերյալ:
"Նոր աշխարհակարգի կայացման ներկա փուլի բուռն, ներառյալ պատերազմական զարգացումները էական ազդեցություն են ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակի, միջպետական հարաբերությունների և երկրների ռազմավարական դիրքավորումների վրա։
Միևնույն ժամանակ, կենսական նշանակության համաշխարհային այդ գործընթացներին զուգահեռ Հայաստանում կատարվողը նկարագրվում է՝ պետականության և ինքնիշխանության կործանմամբ, միջազգային սուբյեկտայնության վերացմամբ, պատերազմում կորստաբեր պարտությամբ, Արցախի հայկական վերահսկման դադարեցմամբ, ազգային ու պետական ընդհանրական տարածքների հանձմամբ և պետության գործող ձևաչափի փաստացի տապալմամբ։
Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու համար աներկբա անհրաժեշտություն է Հայաստանում ազգայնական իշխանությամբ Նոր Ազգային Պետության կայացումը, որը կսահմանի ազգային և պետական հստակ նպատակներ, կձևավորի ազգային պետությանը համարժեք պետական-քաղաքական համակարգ, ակտիվ կհամագործակցի շահագրգիռ արտաքին կենտրոնների հետ, արմատապես կվերափոխի ընդհանուր կեցության հիմնարար սկզբունքներն ու արժեքները, և կառաջնորդվի զուտ Հայկականության շահերով:
Ելնելով շարադրվածից և արձագանքելով «Դիմադրություն» շարժման կողմից շրջանառված սահմանային չափանիշներով փաստաթղթին, հայտնում ենք «Ազգային օրակարգ» կուսակցության համար կարմիր գծեր հանդիսացող հետևյալ դրույթները․
• Հայաստանը հռչակում է, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայրենիքի հետ, և առաջնային պատասխանատվություն է ստանձնում նշյալը իրականացնելու համար։
• Հայաստանը հայտարարում է, որ Արցախի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները ենթակա են վերականգնման, և կատարում է առավելագույնը այդ հանձնառությունը իրողություն դարձնելու համար։
• Հայաստանը ազդարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կամ որևէ այլ երրորդ երկրի կազմում, և արձանագրում է մոտ 12500 քառ․ կմ վերականգնված տարածքով երկրամասի վերջնական կարգավիճակը որպես Հայրենիքի անբաժան մաս։
• Հայաստանը պարտավորվում է, որ պետականորեն հանդիսանալու է հայկական բոլոր երկրամասերի և ամբողջ Հայության համապարփակ անվտանգության, կայուն զարգացման ու արդյունավետ կենսագործունեության երաշխավորը։
• Հայաստանը հայտնում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները իրականացնելու է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայկական պետականությանը վերաբերվող միջազգայնորեն վավեր իրավապայմանագրային հիմքերով և լիազորված միջազգային ատյանների կամ ձևաչափերի հետ համագործակցության շրջանակում։
Այդ համատեքստում Հայաստանը նաև հայտնում է, որ ապօրինի է հայտարարելու Հայկական ազգային և պետական տարածքների բռնազավթումն ու բռնակցումը ամրագրող 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ինչպես և 2020 ու 2021 թվականների եռակողմ երեք կապիտուլյացիոն հայտարարությունները։
• Հայաստանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը կառուցելու է բացառապես հիմնվելով Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների ճանաչման ու պետականորեն համարժեք հատուցում ստանալու հենքային դրույթների և սկզբունքների վրա։
• Հայաստանը հայտարարում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ցանկացած տեսակի միջպետական գործակցություն, այդ թվում՝ ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակում հնարավոր է դառնալու միմիայն Հայկական հարցը ձևավորող հիմնախնդիրների շուրջ համակողմանի լուծումների և նշանակալի արդյունքների հասնելու պարագայում։
«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Հայաստանում հենքային և համակարգային փոփոխություններ իրականացնելու համար պարտադիր է ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, միաբանվելով արտահայտված նպատակներով և արժեքներով Նոր Պետության ձևավորման շուրջ"։