22.11.2024
Ապագա պետության հիմքը կլինի ամուր, եթե դավաճանները պատիժ ստանան անկախ դատարանից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Հրահանգ է եղել հետևել Տիգրան Խաչատրյանին և Հայկ Սարգսյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, ձերբակալվել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու եւ ոստիկանությանը դիմադրելու համար, սակայն վերջիններիս ձերբակալումը ուշագրավ իրավիճակում է եղել: Մասնավորապես, ի սկզբանե իրավապահ համակարգում հրահանգ է եղել ուշադիր հետեւել կոնկրետ անձանց գործողություններին, թե ով ինչ է անում, որոնց մեջ են եղել Հայկ Սարգսյանը եւ Տիգրան Խաչատրյանը: Նրանց քայլերը ֆիքսվել է ոստիկանության կոնկրետ անձանց կողմից, եւ մեզ ասած լուրերի համաձայն՝ նրանց դեմ կոնկրետ անձինք զեկուցագրեր են ներկայացրել, ինչի արդյունքում ձերբակալել են եւ դատարան ներկայացրել կալանավորելու միջնորդություն: Ասել է թե՝ իրավապահները կոնկրետ անձանց թիրախավորում են, հետեւում գործողություններին, նկարահանում եւ հետո ձերբակալում՝ մեկ ոստիկանի ցուցմունքի հիման վրա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության վերջին օրերի վայրագ գործողությունների պատճառը, իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաք-երթն է։ Նիկոլ Փաշինյանի համար անակնկալ է եղել, որ «լաոն» այդ մասշտաբներով կհասնի Ստեփանակերտ, եւ այդքան մարդ դուրս կգա փողոց՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» կոչերով։ Փաշինյանը հասկացել է, որ իր դեմ համահայկական մասշտաբի բողոք կա, եւ հրահանգել է՝ ամենաբիրտ մեթոդներով ճնշել հայաստանյան ցուցարարներին՝ այդպիսով բռնելով նաեւ արցախցիների վախը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 29-ին, երբ Սերժ Սարգսյանը հերթական անգամ այցելեց Ֆրանսիայի հրապարակ, կուսակիցների, շարժման մասնակիցների շարքերում նրան դիմավորեց զինվորական դատախազի գործող տեղակալ Վահագն Մուրադյանը։ Պաշտոնյան մոտեցավ եւ ողջունեց Սերժ Սարգսյանին, ապա վերջինիս փեսայի հետ ողջագուրվեց։ Մուրադյանը դատախազության համակարգի հնաբնակներից է, մտերիմ էր նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ։ Դատախազության հատուկ կարեւորագույն գործերով վարչության նախկին պետ Վահագն Մուրադյանն առաջինն է եղել պատմության մեջ, որը դատի է տվել ՀՀ գլխավոր դատախազին` Արթուր Դավթյանին, իրեն աշխատանքից ազատելու համար (նրան ազատել եւ նշանակել էին զինվորական դատախազի տեղակալ): Փաստացի, ընդդիմության առաջնորդները չեն սխալվում՝ ասելով, որ երկրում անիշխանություն է, այնպիսի անիշխանություն, որ դատախազներն անթաքույց հայտնվում են քաղաքական պայքարի հրապարակում եւ ողջագուրվում նախկին իշխանությունների հետ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ ամիս ձգվող դիմադրության շարժումը, ի հեճուկս իշխանությունների, չի «մաշվում», սակայն չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին։ Շարժման մաս կազմող քաղաքական ուժերը չեն խոստովանում, բայց կարծում են, որ շարժումը պետք է ռեբրենդինգի ենթարկել՝ նոր ասելիք, նոր դեմքեր առաջ բերել, նոր սցենարներ մշակել, իսկ դրա համար պետք է որոշակի դադար վերցնել, վերազինել ուժերը։ Ներկայումս շարժման լոկոմոտիվը Դաշնակցությունն է, որն Իշխան Սաղաթելյանի միջոցով համակարգում է դիմադրությունը։ Անգամ ՀՀԿ-ականները չեն թաքցնում, որ իրենք վերջին պահին են տեղեկանում տվյալ օրվա միջոցառումների, ակցիաների եւ կատարվելիք քայլերի մասին։ Առաջին փուլում, երբ շարժման ձեւերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, Սաղաթելյանն ասել է․ թողեք՝ ես որոշեմ, վստահեք ինձ, օգնեք ինձ։


Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, եւ դա շարժման հաղթանակն է։ Նաեւ կհայտարարեն, որ պայքարն այլ ձեւեր է ընդունելու, եւ նորից կվերադառնան փողոց, եթե վտանգը մեծանա։ Իսկ փողոց վերադառնալու ժամկետների մասին կարծիքները տարբեր են․ ոմանք վստահեցնում են, որ մինչեւ աշուն Փաշինյանը փաստաթուղթ չի ստորագրի, ոմանք պնդում են, որ գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ աշուն չի հասնի՝ ամռան տապից օգտվելով, Փաշինյանը շտապ կստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը։ Բայց կա վարկած, որ երբ Սաղաթելյանն ու այս ուժերը քաշվեն մի կողմ, կարող են նոր ուժեր փորձել պայքարի էստաֆետը վերցնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին հայացքից՝ ընդդիմության գործողություններն անկազմակերպ են եւ ինքնաբուխ։ Անգամ կարող է թվալ, թե որեւէ ծրագիր չկա դրանց հիմքում, սակայն իրականում ընդդիմությունն ունի գաղափարախոսների եւ կազմակերպիչների խումբ, որն աշխատում է դրանց բովանդակության վրա, եւ միջոցառումների կազմակերպումն էլ իրականացվում է կոնկրետ ժամանակացույցի ու սխեմայի շրջանակներում։ Անգամ պայքարի «գործիքակազմ ու վարքագիծ» կա մշակված։ Մեզ պատմեցին, որ փողոցային ակցիաների հետ կապված՝ փոքրիկ ինստրուկցիաներ են կազմվել։ Օրինակ, ասված է, որ ակցիայի մասնակիցները չվիճեն ոստիկանների եւ դժգոհ կամ սադրող քաղաքացիների հետ։ Հակառակը՝ սիրալիր լինեն եւ հարգալից տոնով բացատրեն անհնազանդության ակցիաների իմաստը։ Հանձնարարվել է, որ ճանապարհները փակելիս ուշադիր լինեն եւ անհրաժեշտության դեպքում արագ բացեն ճանապարհը, եթե շտապօգնության մեքենա է անցնում։ Եթե որեւէ վայրում անհնար է ակցիա անել, ապա արագ վերակազմակերպվեն եւ ակցիայի վայրը փոխեն։ Նաեւ ակցիան սկսելուց հետո լայվերով տեղեկացնեն դրա մասին ու կոչ անեն մարդկանց՝ միանալ իրենց։ Առհասարակ՝ բարձրախոսներով անընդհատ հաղորդակցվել անցորդների, տներից հետեւողների հետ եւ կոչ անել, որ պասիվ դիտորդի կարգավիճակից դուրս գան ու միանան իրենց՝ հայրենիքի փրկությունը դա է պահանջում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ խորհրդարանում մեկնարկել են 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Ու թեեւ բյուջեի քննարկումների հաստատված օրակարգով եւ նաեւ ավանդույթի ուժով սովորաբար բյուջեի քննարկումներին պետք է անձամբ ներկայանան առաջին դեմքերը եւ զեկուցեն կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, երեկ շատ նախարարներ ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներ իրենց ենթականերին էին ուղարկել խորհրդարան՝ հաշվետվություն տալու: Մասնավորապես, բյուջեի կատարողականի քննարկումներին անձամբ չէր ներկայացել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, այլ խորհրդարան էր ուղարկել իր տեղակալին՝ Վարդան Մովսիսյանին: Վերջինս, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան, այդպես էլ չկարողացավ մեկնաբանել, թե ինչու ոստիկանապետը ներկա չէ: Խորհրդարանական երկրում ԱԺ-ին հաշվետվություն ներկայացնելուց խուսափեցին նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: Պապիկյանը քննարկմանն ուղարկել էր իր տեղակալ Արման Սարգսյանին եւ գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար Կամո Քոչունցին: Որքան էլ պաշտոնյաները պատճառաբանություններ կգտնեն խորհրդարան չգալու, փաստ է, որ խորհրդարանական երկրում այդ պաշտոնյաները չեն հարգում օրենսդիր ինստիտուտի աշխատանքը: Եվ այստեղ տեղին է մեջբերել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ ասված դեռ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ուղղված Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «Պաշտոնյաների մեջ «դեդովշչինա» կա՞: Մարզպետների մեջ կան «կռուտոյ» պաշտոնյաներ, որոնք արդեն հավես չունեն խորհրդարան գալու, կամ էլ խորհրդարանում այժմ այլ կարգուկանոն է գործում. պայծառ ուղեղներին, գիտությունների թեկնածուներին եւ դոկտորներին այլեւս հարիր չէ՞ ինչ-որ բյուջեի քննարկումների ներկա լինելը»։ Հիմա արդյոք իրենց «կռուտո՞յ» են համարում ԱԺ չներկայացած պաշտոնյաները, թե՞ վարչապետ Փաշինյանն է դարձել «նախկին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը որդուն բանակում ժամկետային ծառայությունից ազատել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ջանքերով եւ օժանդակությամբ: Չնայած Նիկողոսյանը մեզ հետ զրույցում տեղեկության մասին ասաց, թե «սխալ տեղեկություն ունենք», բայց մեր աղբյուրները հայտնում են, որ նա պարզապես չի ցանկանում խոսել այդ թեմայի մասին: «Ավելին՝ չի ցանկանում, որ իր անունը որեւէ կերպ կապվի Հայրապետյանի հետ, չնայած որ վերջինս այդքան բան է արել իր համար,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով:- Մինչդեռ երբ Ռուբեն Հայրապետյանը դեռ պաշտոնի էր, թե՛ նա, թե՛ ՀՖՖ ներկա նախագահ Մելիքբեկյանը գովեստի խոսքեր էին շռայլում, կենացներ խմում եւ այլն»: Ռուբեն Հայրապետյանը, հիշեցնենք, դեռեւս 2019-ին, երբ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում էին իր առանձնատունը, լրագրողների հետ զրույցում ասել էր. «Բոլոր հարցերը Նիկողոսյան Արմենին, թե մատնաչափիկին ուղղե՛ք»: Նիկողոսյանը, նշենք, երկար տարիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող է եղել: ՀԺ-ում աշխատանքն ավարտելուց հետո՝ 2017թ.-ից, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդականն է եղել, 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո արդեն՝ ՀՖՖ փոխնախագահ: Թե ինչպես կարողացավ նա, լինելով «մերժված» Հայրապետյանի խորհրդականը, պաշտոնի բարձրացում ունենալ հեղափոխությունից հետո, մնում է ենթադրել: Ամեն դեպքում, բարքերը ՀՖՖ-ում ոչ միայն չեն փոխվել, այլ ավելի խայտառակ են դարձել»: