27.11.2024
Արթուր Վանեցյանի օգնականին` Արամ Գրիգորյանին բերման են ենթարկել. Փաստաբան
prev Նախորդ նորություն

Իսպանիան մշտական ​​ներկայացուցչություն է բացում Հայաստանում

Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԽ 132֊րդ նախարարական նստաշրջանի շրջանակներում Թուրինում հանդիպում է ունեցել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարես Բուենոյի հետ։


Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իսպանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձ են կատարել բարեկամական և ընդհանուր արժեքների վրա հիմված հարաբերությունների զարգացմանը, քաղաքական երկխոսության և բարձր մակարդակում փոխայցելությունների ակտիվացմանը։


Արարատ Միրզոյանը գոհունակություն է հայտնել Իսպանիայի կառավարության՝ Հայաստանում մշտական ներկայացուցչություն բացելու որոշման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի ինչպես քաղաքական, այնպես էլ բիզնես մակարդակներում փոխգործակցությանը:


Ընդգծվել է բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իսպանիայի միջև փոխշահավետ և արդյունավետ համագործակցության խորացման կարևորությունը։


Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի։


Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը։