26.11.2024
Ինչու՞ է ԱՄՆ-ն աջակցում Հայաստանի իշխանություններին. Սուրեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

«Զանգեզուրի միջանցքի» ընկալումները. ինչին է ձգտում Ադրբեջանը

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի» ընկալումները.


"Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ:


Երկկողմ տրանսպորտային տարաբնույթ խնդիրներին զուգահեռ, անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան նոր կապուղիների կառուցման հարցին Ղասեմին հայտարարել է. «Երկու երկրների պաշտոնյաների հանդիպումների ընթացքում լավ հուշագրեր են ստորագրվել, և մենք պատրաստ ենք ստորագրել Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Զանգեզուրի միջանցքի նախագիծը»:

Վերոնշյալը խոսքային մակարդակում վերլուծելով՝ կարելի է փաստել, որ թուրք-ադրբեջանական հետպատերազմյան խոսույթում արձանագրված նպատակային շեշտադրումների արդյունքում Ադրբեջան-Նախիջևան կապն ապահովող ցնակացած նոր ճանապարհ, որը կապվելու է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Բաքվի կողմից կառուցվող կապուղիներին, ընկալվում է՝ որպես «Զանգեզուրի միջանցք»՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքով կանցնի և ինչ իրավական կարգավիճակ կունենա։

Նշվածը, իհարկե, բնավ չի նշանակում, թե հենց Հայաստանի Սյունիքի մարզով և հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալու խնդիրը դուրս է մղվել թուրք-ադրբեջանական օրակարգից։ Ավելին, ակնհայտ է, որ հատկապես Հայաստանի և երկու երկրների միջև «հարաբերությունների կարգավորման» գործընթացների առկայության պայմաններում, նաև միջազգային ճնշումների ներքո տվյալ շրջափուլում այս թեման առավելապես առաջ է մղում Թուրքիան։ Իսկ Ադրբեջանն առայժմ զբաղեցրել է առավել չափավոր դիրքավորում։ Պատճառը պարզ է՝ Հայաստանին բացառապես սեփական օրակարգով խաղաղության գործընթացի մեջ ներքաշելն է և ուկրաինական ճգնաժամին համընթաց տարածաշրջանում սեփական շահերի նշաձողը տատանելը։

Այնուամենայնիվ, միանաշանակ է, որ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում ինչ իրավական կարգավորմամբ ճանապարհ էլ Հայաստանից տրամադրվի (եթե այդ գործընթացն ընդհանրապես կյանքի կոչվի) Ադրբեջան-Նախիջևան կապի համար, թուրք-ադրբեջանական, գուցե նաև միջազգային խոսույթում բնորոշվելու է «Զանգեզուրի միջանցք» եզրով։ Առավելապես Ադրբեջանականում՝ հաղթանակած առաջնորդի նոր հաղթական ձեռքբերումը շեշտադրելու նպատակով",- գրել է քաղաքագետը։