24.11.2024
Ադրբեջանի արտգործնախարարը Թբիլիսիում բողոքել է Հայաստանից
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը համատարած մասնավորեցնում է պետական օբյեկտները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկիրը խորը տնտեսական ճգնաժամից հանելու հույսով համատարած կերպով պետական օբյեկտների մասնավորեցման գործընթաց է սկսել:

Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պետական գույքի կոմիտեին, հայտնում է, որ Ադրբեջանում միանգամից մասնավորեցման է ներկայացվել 50-ից ավելի պետական օբյեկտ, որոնց թվում են այնպիսի խոշորագույն ընկերություններ, ինչպիսին են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, Ադրբեջանի բաշխիչ ցանցերը` «Ազերէներժի»-ն, «Ադրբեջանի ավիաուղիները»` AZAL-ը և այլն:

Նշվում է, որ աճուրդի հանված ընկերություններից 25-ը տեղաբաշխված են երկրի տարբեր շրջաններում, որոնց կանոնադրական կապիտալում վերահսկիչ փաթեթի բաժնետոմսերի 30-45 տոկոսը ենթակա է մասնավորեցման: Այդ բաժնետիրական ընկերությունները գործում են տնտեսության տարբեր ոլորտներում` արդյունաբերության, շինարարության, տրանսպորտի հատվածում, ծառայությունների ոլորտում և այլն:

Նավթի և մանաթի էժանացման պատճառով տնտեսական ճգնաժամում հայտնված Ադրբեջանը, որի թիվ մեկ խնդիրը «Շահդենիզ-2» գազային հանքահորից գազը Թուրքիայի վրայով Եվրոպա արտահանելու «Հարավային միջանցք» գազային նախագծի իրականացումն է, պետք է մոտ 8 մլրդ դոլարի ներդրում կատարի նախագծում, սակայն չի կարողանում վարկեր ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ադրբեջանին վարկ տալուց օրերս հրաժարվել էր նաև Միջազգային ասիական բանկը: