23.11.2024
Հերիք եղավ Նիկոլի հրամանները կատարեք, ինքն ուզում է արյուն թափվի. Սաղաթելյանը ոստիկաններին
prev Նախորդ նորություն

Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե սեղանին միայն իր առաջարկներն են. վարչապետ

Մենք խոսակցություն ենք սկսել Թուրքիայի հետ և համաձայնել ենք առանց նախապայմանների սկսել հարաբերությունների կարգավորման փորձ և հասկանալի է, որ մի իրավիճակում, երբ կա շատ մեծ նեգատիվ պատմական ժառանգություն, սա հեշտ չի անել:


Այս մասին Հաագայում Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:


"Իմ համոզմունքն է, որ առանց միջազգային հանրության ակտիվ և անկեղծ աջակցության մենք հաջողության հասնելու ավելի քիչ հնարավորություններ կունենանք: Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը լսի մեր ձայնը, մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը տեսնի մարդկանց, ովքեր այսօր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ովքեր ամեն օր, ի հեճուկս բազմաթիվ գործոնների, ամեն օր պայքարում են իրենց հայրենիքում ապրելու իրավունքի համար, բայց մյուս կողմից նաև ունեն տարօրինակ մի փաստ, որ ըստ էության, այդ մարդիկ կտրված են միջազգային հանրության հետ լիարժեք հաղորդակցություն իրականացնելու հնարավորությունից",- ասել է Փաշինյանը:


Նա նշել է, որ յսօր բազմաթիվ միջազգային կառույցներ, գործակալություններ՝ ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, նույնիսկ ԵԱՀԿ, զրկված են Լեռնային Ղարաբաղ մուտքի հնարավորությունից, որովհետև Ադրբեջանն արգելափակում է այդ հնարավորությունը.


"Այս գործելակերպն, անկեղծ ասած, այնքան էլ հասկանալի չէ, որովհետև եթե չկա իրականությունն այլակերպելու ցանկություն և կանխավարկած, այդ մուտքը սահմանափակելու քաղաքականությունն այնքան էլ հասկանալի չէ",- ընդգծել է ՀՀ վարչապետը:


Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս անդրադարձել է խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և նշել.


«Մենք հստակ ասել ենք, որ այո՛, խաղաղության օրակարգը որդեգրում ենք, մենք պիտի գնանք Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի ճանապարհով, պայմանականորեն ասած՝ խաղաղության բանակցությունների մեկնարկ պետք է տեղի ունենա: Ես ուզում եմ այս կապակցությամբ շատ կարևոր մի պարզաբանում անել. Ադրբեջանը փետրվարին, մարտին մեզ ներկայացրեց իր պատկերացումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, որտեղ հինգ հիմնական կետ կա: Խոսքը վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելուն, սահմանների դեմարկացիային, կոմունիկացիաների բացմանը, միմյանցից տարածքային պահանջների բացակայությանը: Եվ մենք, դիտարկելով այդ առաջարկները, տեսանք, որ մեզ համար անընդունելի ոչինչ դրանցում չկա, սակայն մենք արձանագրեցինք, որ այդ կետերը չեն հասցեագրում մեր հարաբերությունների ամբողջ օրակարգը: Եվ մենք լրացրեցինք այդ հարաբերությունների օրակարգը, որտեղ ներառվում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը:


Երբ ապրիլի 6-ին Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ հանդիպում տեղի ունեցավ, մենք քննարկեցինք այդ հարցն Ադրբեջանի նախագահի հետ, և ես ասացի, որ մեզ համար իրենց առաջարկած կետերի մեջ անընդունելի ոչինչ չկա և եթե ադրբեջանական կողմը համաձայն է, որ մեր երկու պատկերացումները միացնենք իրար և այդ հենքի վրա սկսենք բանակցություններ, մենք պատրաստ ենք դրան: Բրյուսելից վերադառնալով ես ասացի, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ էության, ադրբեջանական կողմն էլ հայտարարեց դրա մասին:


Բայց այս վերջին շրջանում Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որոնք փորձ են անում տպավորություն ստեղծել, թե սեղանին լինելու են միայն Ադրբեջանի առաջարկները: Դա առնվազն չի համապատասխանում այն պայմանավորվածություններին, որ մենք ձեռք ենք բերել Բրյուսելում և պետք է արձանագրեմ, վերահաստատեմ իմ դիրքորոշումն այսօր նաև հրապարակային, նաև պաշտոնապես, նաև ձեր առաջ, որ մենք նշված սկզբունքների հիման վրա և օրակարգի հիման վրա պատրաստ ենք բանակցությունների: Չնայած, ըստ էության, այն պրոցեսը, որը պլանավորվել է, այն պրոցեսի մեջ որևէ բան չի փոխվել: Առաջիկայում նախատեսվում է մեր ներկայացուցիչների հանդիպումը և՛ սահմանազատման, սահմանագծման հարցով, և՛ Արտաքին գործերի նախարարները հանդիպում կունենան:


Մենք շատ դաժան փորձությունների միջով ենք անցել վերջին երկու տարիներին, բայց ես այսօր կարող եմ ասել, որ ունեմ խորը համոզմունք, որ մենք ճիշտ ճանապարհով ենք ընթանում: Դա խաղաղության օրակարգի առաջ մղման ճանապարհն է, մենք գիտենք, որ շատ դժվար է լինելու, բայց պատրաստ ենք մեր վրա վերցնել այդ քաղաքական պատասխանատվությունը, որովհետև մենք զգում ենք, տեսնում ենք, կրում ենք պատասխանատվությունը մեր երկրի, մեր տարածաշրջանի և ընդհանրապես, գլոբալ խաղաղություն հաստատելու գործում վճռական ներդրում ունենալու համար, և ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունը, մեր գործընկերները, Նիդերլանդների Թագավորությունը, բոլոր գործընկերները մեզ կաջակցեն այս ջանքերում»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: