ՀՀ բանկերում հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ. զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են
ՀՀ բանկերում փետրվարի 24-ից` ՌԴ-Ուկրաինա առճակատման սկզբից մինչ օրս նոր հաշիվներ են բացել մոտ 16 000 ոչ ռեզիդենտներ, որոնց զգալի մասը ՌԴ քաղաքացիներ են: Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նա վստահեցրել է` ոչ ռեզիդենտներն ավելի խիստ հսկողության ներքո են գտնվում, որը համաշխարհային պրակտիկա է: «Հայաստանի բանկային համակարգը ստեղծված իրավիճակում շատ ճիշտ աշխատանք է իրականացնում այն առումով, որ պահպանվում են բոլոր միջազգային նորմերը», - ասել է նա ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժանանակ:
Միևնույն ժամանակ նա նշում է, որ ոչ միայն ՌԴ, այլ նաև այլ երկրների քաղաքացիներ հնարավորություն են ստանում բացելու բանկային հաշիվներ Հայաստանում, եթե իրենց տնտեսական շահի կենտրոնը տեղափոխվում է Հայաստան:
«Այդպիսի հաճախորդների թիվը, եթե ես չեմ սխալվում, ներկայումս մոտ 16 հազար է»,-ասել է Մարտին Գալստյանը՝ հավելելով, որ ՌԴ ռեզիդենտներն այդ նոր հաճախորդների զգալի մասն են կազմում: