VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ է ոչ միայն ոստիկանապետ
Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակը, այլեւ հենց
Սերժ Սարգսյանը: Եւ օգոստոսի 1-ին Սարգսյանի կողմից հնչեցված հրապարակային շնորհակալությունը, պարզվում է, գոհունակության միակ ժեստը չէ, որ երկրի ղեկավարն արել է ՀՀ ոստիկանության նկատմամբ: ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին հասկացրել է, որ նա կշարունակի պաշտոնավարել: «Մենք դեռ միասին պետք է ընտրություններ կազմակերպենք». աշխատանքը շարունակելու մոտավորապես այսպիսի բովանդակությամբ ակնարկ է արել Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանին: Ինչը նշանակում է, որ մինչեւ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններ ՀՀ ոստիկանապետ կմնա Վլադիմիր Գասպարյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց լուրը ճշտել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, սակայն նա հրաժարվեց որեւէ կերպ մեկնաբանել տեղեկությունը: Իսկ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարի հետ կապ հաստատել չհաջողվեց. ինչպես հայտնի է՝ Ս. Սարգսյանն այս օրերին արտերկրում վայելում է ամառային հանգիստը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար
Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ընտրական ցուցակների կազմման եւ մատնահետքերի հավաքագրման նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ գումարի խնդիրը լուծվել է, ավելի կոնկրետ՝ միջազգային կազմակերպությունները հավաստիացրել են, որ իրենք համապատասխան գումարը՝ մոտ 16 մլն եվրո, կտրամադրեն: Սակայն, միեւնույն է, նոր համակարգը ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում ներդնել: «Բանակցություններ են սկսվել մասնագիտացած կազմակերպության հետ, որը նշել է, որ տարեվերջից շուտ հնարավոր չի լինի ապահովել տասը մատնահետքերի ներդրման համար նախատեսված տեխնիկական սարքավորումները: Այդուհետ, բանակցությունները վարվել են երկու մատնահետքի հետ կապված, բայց այդ առումով եւս նշվել է, որ պահանջվում է չորս ամիս ժամանակ»,- պարզաբանել է նախարարը»:
«Առավոտ» թերթը գրում է. «Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ցույցին մասնակցելու համար տեր
Արմեն քահանա Մելքոնյանին զրկել են տեղի հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում հովվական պարտականություն կատարելու իրավունքից։ Տեր հայրը շեշտում է, որ դա ոչ մի կերպ չեն հիմնավորել ընդհակառակը՝ դեռ մի բան էլ Հայրապետական պատվիրակ գերաշնորհ տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը կասկածի տակ Է դրել իր քահանա լինելը, այն դեպքում, երբ շուրջ 20 տարի ինքը հոգևոր առաքելություն է իրականացրել, որը փաստված է տարբեր միջոցներով։ Տեր Արմենն «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ իր արժանապատվությունը, որպես քահանա և մարդ, վիրավորած Հայրապետական պատվիրակ Վահան սրբազանը պետք է քրիստոնեական ազնվություն ունենա և հրապարակավ իրենից ներողություն խնդրի՝ ըստ էության, հերյուրանք տարածելու համար։ Տեր Արմենը հայտնեց, որ եթե Վահան սրբազանը դա չանի մինչև գալիք շաբաթվա վերջը, ինքը ստիպված կլինի եկող շաբաթվա ավարտին այնպիսի ապացույցներ հրապարակել և նաև ուղարկել Մայր Աթոռ, որ դրանք Վահան սրբազանին և նրա պաշտոնին կարող են մեծագույն վնաս հասցնել, ընդհուպ մինչև կարգալուծության հիմք դառնալ»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այսօր իր պաշտոնը ազատելու է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
Դավիթ Ավետիսյանը։ Նա գնում է թոշակի՝ լրանամ է նրա 65-ամյակը, և ըստ օրենսդրության նա պետք է հեռանա։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2008 թվականից։ Ըստ որոշ տեղեկությունների, նա կարող է շուտով նշանակվել ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման հուլիսյան գրոհին հաջորդող օրերին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ
Գառնիկ Իսագուլյանն ակտիվորեն ներգրավված էր խմբի անդամների եւ իշխանության միջեւ ընթացող բանակցությունների գործընթացում: Ու պարզվում է` բանակցությունները «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ իշխանության միջեւ դեռ շարունակվում են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախկին դաշնակցական, ՀՀ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը դաշնակցական Արմեն Եղյանի հետ շարունակում է քննարկումները «Սասնա ծռեր» խմբի արդեն կալանավորված անդամների հետ: Ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը. «Ժողովուրդ»-ի այս հարցին Իսագուլյանը պատասխանեց. «Ես համարյա ամեն օր հանդիպում եմ տասնյակ մարդկանց հետ, դա նշանակու՞մ է, որ բանակցություննե՞ր եմ վարում: Ես կարող եմ ասել, որ ոչ մեկի հետ բանակցություններ չեմ վարում, շատ շատերի հետ հանդիպում, զրուցում եմ: Հաճախ հանդիպում եմ Դավիթ Շահնազարյանին, Խաչատուր Քոքոբելյանին, Հրանտ Բագրատյանին, ում որ ճանաչել եմ մեր շարժման սկզբից, բոլոր այդ հանդիպումները, զրույցները չի նշանակում, որ բանակցություններ են»,- պատասխանեց Իսագուլյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 18-ի նիստում ՀՀ վարչապետ
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել էր հաշվարկել, թե վերջին երեք տարիներին որքան գումար է հատկացվել՝ ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ կայացված վճիռները կատարելու համար: «Եւ, ընդհանրապես, այս սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարությանն ու Կառավարության աշխատակազմին քննարկել, թե որքան գումար ենք հատկացրել ՄԻԵԴ-ի որոշումների համար 2014-2015 թվականների եւ այս տարվա ութ ամիսների ընթացքում»,- ասել էր ՀՀ վարչապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իրականում այս զայրույթը առավել խորը արմատներ ունի: Մեր տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ղեկավարին զեկուցվել է՝ սպասվում է, որ 2016 թվականի ավարտին ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ մի շարք վճիռներ է հրապարակելու, եւ այդ հեռանկարն արդեն իսկ մտահոգել է ՀՀ կառավարությանը, քանի որ առանց այդ էլ պետբյուջեում գումար չի մնացել: Որտեղի՞ց տան»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին Էջմիածնում կայանալիք ընտրությունների՝ քաղաքապետի թեկնածուների առաջադրման վերջին օրն աղմկահարույց միջադեպ է գրանցվել։ Օգոստոսի 19-ին Էջմիածնի բնակիչ
Կարեն Խաչատրյանը գնացել է Էջմիածնի անձնագրային բաժին՝ տեղեկանք վերցնելու, որպեսզի ներկայացնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ իր թեկնածության գրանցման համար, սակայն անձնագրայինից դուրս գալիս նրան քաղաքակիրթ ձեւով «առեւանգել» են ու խափանել առաջադրման մտադրությունը։ Էջմիածնում շրջող լուրերի համաձայն, «առեւանգումը» կազմակերպել են գործող քաղաքապետ, երրորդ անգամ թեկնածության հայտ ներկայացրած Կարեն Գրիգորյանի մարդիկ։ Անձնագրայինից դուրս գալիս նրան է մոտեցել Գրիգորյանի մարդկանցից մեկը, որը նաեւ Կարեն Խաչատրյանի ծանոթն է, ու առաջարկել է նստել իր մեքենան` զրուցելու, որից հետո շարժվել են Աշտարակի ձոր։ Կարեն Խաչատրյանին ժամեր շարունակ պահել են եւ միայն երեկոյան վեցից հետո են թույլ տվել վերադառնալ Էջմիածին, երբ այլեւս առաջադրման ժամկետն սպառված է եղել։ Պոտենցիալ թեկնածուն չի դիմել ոստիկանություն։ Թե իրականում ինչ սպառնալիքների ազդեցության տակ են պահել, ինչ նպատակով, անհայտ է։ Միայն հայտնի է, եւ կան վկայություններ, որ Խաչատրյանն առաջադրվելու ցանկություն է հայտնել, բայց չի կարողացել այն իրականություն դարձնել»: