23.11.2024
Արարատ Միրզոյանի պատասխանը Ալիևին
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է տարածշրջանի զարգացմանն ուղղված Վրաստանի հետ համատեղ ջանքերը. ԱԳՆ

Հայաստանը մեծապես կարևորում է տարածշրջանի ընդհանուր զարգացման և առաջմղման ուղղությամբ Վրաստանի հետ համատեղ ջանքերի գործադրումը, ինչի հերթական դրսևորումներից է «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման ուղղությամբ մեր երկրների միջև համագործակցությունը:


Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման արդյունքներով:


Նա նշել է, որ գործընկերոջ հետ անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը ու կայունությանը նվիրված հարցերի։


"Գործընկերոջս հետ հանգամանալից ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Այս համատեքստում ընդգծել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման գործում:


Պետք է նշեմ, որ ցավոք շարունակում են չլուծված մնալ հումանիտար խնդիրները: Ադրբեջանը՝ խախտելով միջազգային հումանիտար իրավունքը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Առանձնահատուկ կարևորության խնդիր է 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ինքնության խեղաթյուրումը և ոչնչացումը: Վերջին նման ցավալի օրինակն է Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու պղծումը: Վանդալիզմի այս կրկնվող դեպքերը կանխարգելելու համար, ինչպես և նախկինում, այժմ ևս հրատապ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատողական առաքելության այցը տարածաշրջան",- ասել է Միրզոյանը։