Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում. պարզաբանում
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ.
Հաշվի առնելով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում շրջանառվող ոչ հավաստի լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, թե քրեական գործով մեղադրյալ` ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև վերը նշված ապատեղեկատվության տարածումը կանխելու և այն ավելորդ շահարկումների թեմա չդարձնելու համար անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ Վլադիմիր Գասպարյանը գտնվում է Հայաստանում և ընդամենը օրեր առաջ անձամբ մասնակցել է իր վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական և այլ դատավարական գործողություններին:
Վերջինիս ելքը Հայաստանի Հանրապետությունից սահամանափակված է",- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա անվտանգության պետ Արշակ Հակոբյանի դեմ կոռուպցիոն բնույթի չարաշահումներ կատարելու, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Նախաքննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք: