ՀՀ իշխանությունների առաջ քաշած կեղծ «խաղաղության օրակարգը» սպառել է իրեն. Սահակյան
Ի պատասխան Հայաստանի իշխանությունների «խաղաղության դարաշրջան» հաստատելու պատրաստակամությանը՝ Թուրքիայում պատասխանում են «գորշ գայլերի» խորհրդանիշներով և առաջարկում հայ-թուրքական սահմանի անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի պատվին անվանակոչել:
Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին իշխող Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Սահակյանը։
«Կարծում եմ՝ ավելի մեծ վիրավորանք ու նվաստացում դժվար էր մտածել։ Սա ընդամենը ապտակ է իշխանություններին, որոնք շարունակում են խոսել խաղաղության ու բարիդրացիության մասին։ Նրանք [իշխանությունները] ոչ խիղճ ունեն, ոչ իրենց հարգանքը»,- ասաց նա՝ անդրադառնալով թուրքական կողմի արձագանքին։ Սահակյանը կեղծ և սպառված է համարում իշխանությունների կողմից առաջ քաշված, այսպես կոչված, «խաղաղության օրակարգը». Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունների ֆոնին իշխանությունները չեն կարողանա այդ կեղծ օրակարգերը «կերակրել» հասարակությանը։
Սահակյանը վստահ է, որ իշխանություններն իրենք են համոզվել իրենց քայլերի ձախողման մեջ. «Անընդհատ խոսում են զորքերի հայելային դուրսբերման մասին, բայց ի՞նչ է ցույց տվել Փառուխի փորձը։ Նա ցույց տվեց, որ միայն մենք ենք զորքերը դուրս բերում նման դեպքերում, նրանք [Ադրբեջանի զինված ուժերը] միայն առաջ են գնում։ Եթե նույնն անեն սահմանի ողջ երկայնքով, մենք կկորցնենք այժմյան Հայաստանի տարածքների 70 տոկոսը»։