24.11.2024
Չավուշօղլուն շատ հստակ ուղերձ է հղել բոլորիս. Բաբայանին
prev Նախորդ նորություն

Եթե Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը կկտրվի Նոյեմբերյանից. Նազարյան

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը պարզաբանեց, թե ինչու է որոշվել երթը սկսել Իջեւան քաղաքից։


Նազարյանը մատնանշեց քաղաքին հարող տարածքը, որը, ըստ պատգամավորի, գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է հանձնել Ադրբեջանին։ Նազարյանն ընդգծեց, որ եթե Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչվեն, Հայաստանը կկտրվի Նոյեմբերյանից, իսկ Հայաստանից Վրաստան հնարավոր կլինի հասնել միայն ադրբեջանական կողմի թույլտվությամբ։


«Հենց այս նկատառումով որոշեցինք երթը սկսել այստեղից, որպեսզի ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը հրավիրենք Տավուշի կարևորության վրա։ Հասարակությունը պետք է գիտակցի, թե ինչ հեռանկարներ կունենա երկիրը, եթե գործող ռեժիմը շարունակի մնալ իշխանության: Հայաստանը, որպես այդպիսին, այս դեպքում պարզապես գոյություն չի ունենա։ Երկրից կմնա միայն անունը»,- ասաց նա։


Պատգամավորը մատնանշեց Սյունիքում ստեղծված բարդ իրավիճակը ներկայիս իշխանության քայլերի արդյունքում։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Տավուշում իրավիճակը շատ ավելի բարդ կլինի, եթե իշխանությունները որոշեն «տեղափոխել սահմանը»։ «Առկա բոլոր խնդիրների լուծման բանալին գործող ռեժիմի վերացումն է»,- կարծում է Նազարյանը։


Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ այսօր մեկնարկել է Իջեւանից երթ դեպի Երեւան։