Աշոտ Մելիքյան. 2022 թ. առաջին եռամսյակում 7 նոր դատական գործ՝ ընդդեմ լրատվամիջոցների
Լրագրողների նկատմամբ ուժի կիրառման և ֆիզիկական ճնշումների դեպքերը զգալիորեն նվազել են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով այս տարվա առաջին եռամսյակի արդյունքները։
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակը նախորդ ժամանակաշրջանների համեմատ համեմատաբար հանգիստ է եղել։ «Առաջին եռամսյակում գրանցվել է նմանատիպ մեկ դեպք, երբ բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ լրագրողը բռնությամբ բերման է ենթարկվել ոստիկանություն։ Մենք հետևելու ենք իրավիճակին: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործը տեղին չի եղել, լրագրողը ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ և չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտվել որպես հասարակական կարգի խախտում»,- ասաց նա։
Մելիքյանը հավելեց, որ 2021 թվականի առաջին եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնության 7 դեպք է գրանցվել։
Այս ընթացքում լրագրողների վրա այլ տեսակի ճնշումներ գործադրելու 12 դեպք է գրանցվել, անցած տարվա առաջին եռամսյակում՝ 20 նման դեպք։ «Այս տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 7 նոր դատական գործ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ, որոնցից 2-ի դեպքում հայցվորները քաղաքական գործիչներ են»,- ասաց նա։