ՊՆ-ն հայտնում է հայ ժամեկտային զինծառայողի գերեվարման մասին
Հայ ժամկետային զինծառայողը հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
«Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը նույն օրը, դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:
Միջադեպի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ապրիլի 24-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքեց Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողության փորձի մասին: