Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն այնտեղ ապրող մարդն է. Փաշինյան
Արցախյան հակամարտության կարգավորման ոչ մի սևագիր սեղանին չկա: Այդ մասին կառավարության ապրիլի 22-ի նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հանգամանալից անդրադառնալով մոսկովյան բանակցություններին:
Փաշինյանը վստահեցրեց՝ Պուտինի հետ հանդիպման՝ արցախյան հակամարտությանը վերաբերող տեղեկություններով կիսվել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, և «այդպես է արել միշտ»։
«Չկա ԼՂ հակամարտության կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի կամ շրջանառության մեջ դրված լինի։ Նման ոչ մի նախագիծ չի եղել 2020 նոյեմբերի 9-ից հետո։ Ինչ վերաբերում է Արցախը հանձնելուն՝ ստիպված եմ արձանագրել՝ Արցախը իր կամ առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես, Արցախն այնտեղ ապրող մարդն է»,- ասել է Փաշինյանը։
Նա բացառել է, որ «գոյություն ունենա ստորագրմանը մոտ փաստաթուղթ, որը ստորագրվի առանց հանրային լայն քննարկման»՝ այդ թվում արցախյան հանրային շրջանակների հետ։
«Հայաստանի խնդիրն է ապահովել արցախյան կարգավորման այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում ու ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի արցախցի և հայ», - ասել է նա` հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում, որ այդ պայմանները չի երաշխավորվի, ընդունելի չէ և «ընդունելի չի լինի երբեք»: