24.11.2024
«Ռոսիա» ավիաընկերությունը կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել Մոսկվայից Երևան
prev Նախորդ նորություն

Հադրութցի փոքրիկը հեքիաթներ է գրում՝ հեքիաթի սպասումով…

Նա 11 տարեկան է, անցել է արցախյան վերջին պատերազմի դժոխքի միջով:


Կորցրել է իր ծննդավայրը, իր տունը, իր մանկության արահետները, սիրելի խաղալիքները: Նա ամեն օր կարոտում է իր հայրենի եզերքը և ամեն օր երազում վերադառնալ: Վիկա Ավետիսյանի առաջին գիրքն է լույս տեսել՝ փոքրիկ, բայց շա՜տ կարևոր հեքիաթներով: Նրա համար Հադրութը հեքիաթ է դարձել և գուցե դա է պատճառը, որ հավատում է՝ անպայման բարի վերջաբան է ունենալու, որովհետև բոլոր հեքիաթները բարի են ավարտվում:


Իսկ մինչ այդ նա կգրի ի՛ր հեքիաթները, որոնց միջոցով կփորձի պատմել այն ամենն, ինչ կատարվում է իր ներսում:


Փոքրիկ Վիկան ութ տարեկանից է գրում: Նրա բոլոր հեքիաթները մնացին Հադրութում՝ իր համակարգչի մեջ: Սակայն հնարավոր եղավ փրկել այն մի քանիսը, որոնք տպագրվել էին թերթերում ու կայքերում:


Վիկայի՝ գիրք տպագրելու երազանքի մասին իմացավ ամերիկաբնակ մեր հայրենակից Արմինե Բաբայանը, ով որոշեց հովանավորել ու տպագրել այն: Տիկին Արմինեի նախագծին միացավ նկարչուհի Նունե Մելոյանը, և ծնվեց այս հրաշալի գիրքը:


Տպաքանակը հիմա Վիկայենց վարձով տան մի փոքրիկ անկյունում է ու սպասում է իր ընթերցողներին: Գրքի շնորհանդեսը կազմակերպեց "Դիզակ Արտ"-ը:


Արդեն շատերն են ձեռք բերել և ընթերցել գիրքը, ապա նաև հիացական խոսքեր գրել Վիկային, նշելով, որ նրա հեքիաթները ապրեցնում են , լույս են ճառագում: Ամեն մի ընթերցողի հետ Վիկան ուրախանում է, ոգեշնչվում:


Հիմա նոր գրքի վրա է աշխատում: Ասում է. "Այս տպաքանակը որ վաճառվի ինձ համար նոութբուք կառնեմ ու դրա մեջ կգրեմ նոր հեքիաթներս, որովհետև մի տեսակ դժվար է գրել թղթի վրա, հետո գնալ ինչ-որ տեղ այն համակարագրչի մեջ հավաքել, տպագրել, պահել և այլն":


Գիրքը վաճառվում է Վիկայի ֆեսբուքյան էջում: Կարող ենք նաև զանգահարել ա՛յս հեռախոսահամարով. 095077154


Շուտով կլինի նաև գրախանութներում: