Ռուսաստանում ադրբեջանցիներին դատապարտել են 2020թ. հայերի վրա հարձակման համար
Լյուբլինսկի շրջանային դատարանը 2020 թվականին Մոսկվայում տեղի ունեցած ազգամիջյան բախումների հինգ մասնակիցների դատապարտել է երկու տարի ութ ամիս ազատազրկման, ևս երկուսը ստացել են պայմանական պատիժ։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
«Դատարանը Է.Ալակբարովին, Բ.Վալիևին, Պ.Գամիդովին, Տ.Իսմայիլովին, Ա.Կաֆարովին մեղավոր է ճանաչել խուլիգանության համար և նրանց դատապարտել 2 տարի 8 ամիս ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում»,- հայտնել են մամուլի ծառայությունից։ Գործով եւս երկու մեղադրյալներ՝ Զախիդով Մ.-ն և Գիյասով Դ.-ն ստացել են 2 տարի 8 ամիս պայմանական ազատազրկում։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 12-ին խոշոր զինված միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի Տավուշի մարզի սահմանին։ Միաժամանակ Մոսկվայում հայերի վրա հարձակումների դեպքեր են գրանցվել, որոնց հետևում կանգնած են Ռուսաստանի մայրաքաղաքի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։
Բացի այդ, Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մրգերի և բանջարեղենի շուկայի ղեկավարությունն արգելել է մրգերի ներմուծումը Հայաստանից։ Food City-ի սեփականատերերն են՝ ազգությամբ ադրբեջանցի Գոդ Նիսանովը, Զարախ Իլիևը և Իլհամ Ռախիմովը։