Երբեք Արցախի իշխանություններն այնպիսի անկախություն չեն ունեցել, որքան այսօր. ՔՊ
Երբեք Արցախի իշխանություններն այնպիսի անկախություն չեն ունեցել, որքան այսօր։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախի խորհրդարանի դիմումը Հայաստանի իշխանություններին։
«Արցախն այսօր ունի շատ կարևոր և ազատ կարգավիճակ։ Արցախի իշխանություններն իրենց գործողություններում երբեք չեն ունեցել այն ազատության մակարդակ, ինչ այսօր: Կարծում եմ, որ մենք Արցախի իշխանությունների հետ միասին պետք է գործենք համահունչ և անենք ամեն ինչ, որպեսզի մեր դիրքորոշումները համընկնեն թե՛ ներքին, թե՛ միջազգային հարթակներում։ Համոզված եմ, որ և՛ Արցախի, և՛ Հայաստանի իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի հակամարտության լուծումը բխի Արցախի և Հայաստանի ժողովրդի շահերից»,- ասել է Հակոբյանը։
Մեկնաբանելով այն հարցը, թե այս դեպքում ինչու են Արցախի խորհրդարանի պատգամավորներն արդեն հրապարակավ մտահոգություն հայտնում Հայաստանի իշխանությունների հնչեցրած թեզերի վերաբերյալ, Հակոբյանը նշեց, որ բոլոր հարցերը, որոնք լրացուցիչ քննարկում և պարզաբանում են պահանջում, կարելի է քննարկել արցախցի գործընկերների հետ, ինչպես հրապարակային, այնպես էլ փակ ռեժիմով։