26.11.2024
Կոռուպցիոն չարաշահումներ․ ձերբակալվել է «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը
prev Նախորդ նորություն

Կանանց հզորացում․ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատունը նոր ծրագրերի պայմանագրեր է ստորագրել

Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատունն ապրիլի 7-ին հինգ նոր ծրագրի աջակցության պայմանագիր է ստորագրել հայաստանյան հինգ, այդ թվում մարզային, կազմակերպությունների հետ։


Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանությունից հայտնում են, որ Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց հզորացմանն ու գենդերային հավասարությանն ուղղված ծրագրերը միտված են կանանց աշխատանքային իրավունքների, եզդի կանանց իրավունքների պաշտպանությանը, կանանց դեմ բռնության կանխարգելմանը, սերունդների արժեքային փոփոխությունների ու գենդերային հավասարության հարցերում ուսումնասիրություններին։


«Կանանց իրավունքները, գենդերային հավասարությունը և կանանց առաջնորդությունը շատ կարևոր արժեքներ են Նիդերլանդների համար, որոնք մենք խրախուսում ենք ու որոնց համար պայքարում ենք մեր երկրում և ամբողջ աշխարհում: Այսօր մենք նոր ծրագրեր ու գործընկերություններ ենք սկսում, որոնք միտված են կանանց համար ավելի լավ միջավայրի և հավասարության ստեղծմանը»,- նշում է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը։


Ըստ աղբյուրի՝ նոր ծրագրերն իրականացնելու են «Ալվան Ծաղիկ» սոցիալ-կրթական ՀԿ-ն, «Safe YOU» կանանց բռնությունից պաշտպանելուն ծառայող բջջային հավելվածի հեղինակ Իմփաքթ իննովացիոն ինստիտուտը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան ՀԿ-ն և «Ծնողները հավաարության համար» կազմակերպությունը, Էսթեր Գրիգորյանը։


Դեսպանությունից հայտնում են, որ այս տարի լրանում է Նիդերլանդների Թագավորության ու Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։ Նիդերլանդները և Հայաստանը 30 տարիների ընթացքում զարգացրել են կայուն և արդյունավետ, փոխշահավետ համագործակցություն։ 2020 թվականին երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակ են արձանագրել Հայաստանում Նիդերլանդների մշտական ներկայացուցչության՝ դեսպանատան հաստատմամբ։