Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էլ է հեռանում
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Սասուն Մկրտումյանը գրել է.
«Սիրելի՛ աջափնյակցիներ, հարգելի՛ գործընկերներ, այսօրվանից դադարեցնում եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի լիազորություններս։ Նախորդած ամիսներին ես և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը արել ենք հնարավորը՝ բարեկարգ և բնակիչների համար հարմարավետ միջավայր ստանալու ուղղությամբ։
Շնորհիվ քրտնաջան աշխատանքի մեզ հաջողվել է կյանքի կոչել որոշ կարևորագույն նախաձեռնություններ, որոշները, վստահ եմ, ի կատար կածվեն առաջիկայում՝ նոր ղեկավարության ջանքերով։ Փոփոխությունների այս ճկուն հորձանուտում միջավայրի գրավչությունն ու հասարակության բարեկեցությունը չպետք է պայմանավորված լինեն լոկ անձերի փոփոխություններով, այլ սահմանված նպատակային ուղենիշներով ու գործուն մեխանիզմներով, ինչին շարունակելու ենք ձգտել միահամուռ ուժերով։
Շնորհակալություն եմ հայտնում քաղաքական ղեկավարությանս վստահության համար, շնորհակալ եմ քաղաքային իշխանության բոլոր օղակներին, շնորհակալ եմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, մեր պատրաստակամ բնակիչներին, անհատներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլոց՝ արդյունավետ համագործակցության համար։
Հաջողություն եմ մաղթում Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավարությանը։
Կրկնակի եռանդով շարունակելու եմ գործունեությունս՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների»։