Հարկայինն ու մաքսայինը բողոքարկման հանձնաժողովների նիստերը կանցկացնեն գրավոր ընթացակարգով
Հարկային օրենսգրքում եւ մաքսային ծառայությանը վերաբերող օրենքում փոփոխության արդյունքում հարկային ու մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովների նիստերը կիրականացվեն նաեւ գրավոր ընթացակարգով:
Սահմանվում են նաեւ բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքերը: Գործող կարգավորումների համաձայն` հարկային ու մաքսային մարմինների գործողությունները կարող են բողոքարկվել մեկամսյա ժամկետում, մինչդեռ ակտերը բողոքարկվում են երկամսյա ժամկետում: Առաջարկվում է գործողությունների բողոքարկման համար եւս սահմանել երկամսյա ժամկետ: Տեսաձայնային եղանակով բողոքների քննարկման հնարավորություն է նախատեսվում: Առաջինից երկրորդ ընթերցում առաջարկվել են տեխնիկական փոփոխություններ:
Հարկային օրենսգրքում եւ «Մաքսային ծառայության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 6-ի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: Հարցը քննարկվել է երկրորդ ընթերցման ընթացակարգով:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: