Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի աղմկահարույց սպանությունից 7 տարի անց հրապարակվեց գործով դատավճիռը:
Սպանության մեջ մեղադրվող անձանց արարքները վերաորակվեց մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում սպանության և 4-ն էլ` Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը, Մովսես Ազարյանը դատապարտվեցին 15 տարի ազատազրկման: Վերջիններս Բարսեղյանի ծառայակից ընկերներն են:
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին: Առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողից կախված:
Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են գիշերը, անկողնում, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են ինստիտուտի սպորտհրապարակում։ Անգամ նրա ձեռագիրը կրկնօրինակելով երկտող թողել։
Ամբաստանյալներին վերագրվող արարքը որակվել է խմբի կազմում, խուլիգանական դրդումներով, առանձին դաժանությամբ սպանություն, (Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5,-րդ, 7-րդ և 10-րդ կետերով), նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել, այժմ փաստորեն, դատարանը նրանց արարքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Դատախազությունը մեղադրական ճառով ավելի խիստ պատիժներ էր պահանջել ամբաստանյալների համար, մասնավորապես` Գնել Թևոսյանի և Վաչե Սահակյանի համար` 20-ական, իսկ Նորիկ Սահակյանի ու Մովսես Ազարյանի համար` 18-ական տարի ազատազրկում, իսկ սպանվածի հայրը` Արկադի Բարսեղյանը պնդում է, որ 4 ամբաստանյալներին էլ պետք է ցմահ ազատազրկման դատապարտել։
Աղմկահարույց սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը ռազմական ինստիտուտի արդեն նախկին փոխտնօրեն Զարմիկ Մարկոսյանի որդին է։ Հայկազ Բարսեղյանի սպանությունից հետո Մարկոսյանն ազատվել էր պաշտոնից, նրան մեղադրանք է առաջադրվել՝ զորամասում որդու համար արտոնյալ պայմաններ ստեղծելու համար։ Ավելի ուշ դատարանը, սակայն, Մարկոսյանին արդարացրեց։