Ադրբեջանցիների մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին, աշխարհը լուռ հետևում է. Վալերի Բուայե
Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից: Այդ մասին հայտարարել է ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն:
«Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տանից հեռու են ապրում: Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը», - Թվիթերում գրել է Բյուսոն, հայտնում է «Արմենպրեսը»:
Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն իր հերթին այս գրառման առնչությամբ հիշեցրել է, որ 2020 թվականի լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ՝ թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և անօդաչուների միջոցով կոտորածի է ենթարկել Արցախի հայերին:
«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին: Իսկ աշխարհը լուռ հետևում է առանց որևէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում», - Թվիթերում գրել է Բուայեն:
Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել էին Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Ադրբեջանական ուժերի ռազմավարական նպատակը մոտակա Քարագլուխ գյուղի գերիշխող բարձունքը գրավելն էր, սակայն Արցախի Պաշտպանության բանակի կատաղի դիմադրության և ռուս խաղաղապահների գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական զորքերի առաջխաղացումը: Մարտի 27-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Ասկերանի Փառուխ գյուղի շրջանից, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկությունը՝ նշելով, թե «Փառուխ գյուղում և հարակից բարձունքներում Ադրբեջանի ԶՈՒ դիրքերում որևէ փոփոխություն չի եղել»:
Արցախի տեղեկատվական շտաբը իր հերթին հաղորդեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։ Այդուհանդերձ, դատելով պաշտոնական հաղորդագրություններից՝ ադրբեջանական կողմը ամբողջությամբ հետ չի քաշել իր զորքերը Փառուխի շրջակայքից: Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի մարտի 28-ի հաղորդագրության՝ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։