Մեր փորձից լավ գիտենք, թե ինչ մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտները․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին:
Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ:
Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է.
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։ Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։